Արդյո՞ք Հայաստանը կարիք ունի ընդգրկվելու դեպի ծով ելք չունեցող երկրների Համագումարին

Դժվար թե Հայաստանի անդամությունը եւս մեկ միջազգային կազմակերպությանը կարող է փոխել տարածաշրջանային հարաբերությունները

Ներկայումս գոյություն ունեն 44 պետություններ, որոնց սահմանները ելք չունեն դեպի Համաշխարհային օվկիանոս: Այդպիսի պետություններն ամենաշատը Աֆրիկայում են` 15, Եվրոպայում` 14, Ասիայում` 12, Հարավային Ամերիկայում` 2: Այդքանը երկու հարյուրից ավելի երկրներից, համաձայն ՄԱԿ-ի տվյալների: Երկրի համար դեպի ծով ելքի բացակայությունը նշանակում է բարդություններ աշխարհի հետ հաղորդակցման, առեւտրա-տնտեսական կապերի զարգացման գործում եւ ընդհանրապես զարգացման արգելակում: Այդ ամենն ունի նաեւ Հայաստանը, եւ պետք է ազնվորեն ասել, որ ոչ մի բաց սահմաններ չեն կարող հանգեցնել աշխարհագրության փոփոխման: Քաղաքական առումով կարող է եւ ինչ-որ առաջընթաց լինի, բայց դարձյալ զուտ աշխարհագրորեն Հայաստանը դատապարտված է փակ տարածության:
PanARMENIAN.Net - Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը պատրաստ է Հայաստանին աջակցել դեպի ծով ելք չունեցող երկրների Համագումարին միանալու գործում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեկա Սիդի Դիարրայի խոսքերով, Հայաստանի միացումը Համագումարին թույլ կտա օգտագործել միջազգային աջակցությունը, որը հատկացվում է այն առաջնությունների համաձայն, որոնք հաստատել է ՄԱԿ-ը եւ միջազգային հանրության ներկայացուցիչները, եւ որոնք ամրագրված են 2003թ. «Ալմաաթյան գործողությունների պլանում»:

Ծրագիրը բաղկացած է չորս առաջնություններից, որոնց թվում է ազգային մակարդակով բարենպաստ պայմանների ստեղծումը ապրանքների ինքնարժեքի նվազեցման համար: Առաջնությունների երկրորդ խումբը ֆիզիկական ինֆրակառույցի զարգացումն է տարածաշրջանային մասշտաբով, երրորդը` առեւտրի զարգացումը, հատկապես այն երկրներում, որոնք չեն հանդիսանում ՀԱԿ-ի անդամներ եւ, վերջապես, չորրորդը` միջազգային աջակցության ակտիվացումը, ընդլայնումն ու միավորումը` ուղղված երկրների զարգացմանն ու արտաքին պարտքերի կրճատմանը եւ արտասահմանյան ներդնողների ներգրավումը, ինչը կբարձրացնի նրանց գրավչությունը:

«Հայաստանը պետք է իր համար որոշի տրանսպորտային ինֆրակառույցների զարգացման ազգային առաջնությունները եւ զարգացնի տարածաշրջանային հարաբերությունները, որոնց ՄԱԿ-ը կարեւորություն է տալիս տարածաշրջանային համագործակցության ենթատեքստում»,- ասել է Դիարրան:

Այդ ամենն, իհարկե, լավ է, բայց դժվար թե անդամությունը Համագումարին կարող է փոխել տարածաշրջանային համագործակցության ձեւաչափը, իսկ այդ համագործակցությունն, ըստ էության, ուղղակի գոյություն չունի: Հայաստանին սահմանակից չորս երկրներից երեքը` Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը ելք ունեն դեպի ծով եւ կարող են դիտարկվել որպես փոխադրող երկրներ: Կա նաեւ Ադրբեջանը, որը ելք չունի Համաշխարհային օվկիանոս, բայց ունի, նախ եւ առաջ, Կասպիական ծով, հետո` նավթ, որի մասին հարկ է լինում հիշատակել ամեն անգամ , երբ խոսքը գնում է տարածաշրջանային համագործակցության եւ նրա զարգացման հեռանկարների մասին:

Ինչ վերաբերում է մնացած երեք երկրներին, ապա պետք է խոստովանել, որ ոչ մեկի հետ Հայաստանը չունի մարտավարական գործընկերություն: Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ Վրաստանը այնքան էլ հուսալի գործընկեր չէ փոխադրման հարցում, էլ չենք ասում մնացածի մասին: Իրանը ներկայումս բավական խնդրառատ երկիր է, եւ նրա հետ հույսեր կապելը միջազգային առումով առնվազն անհեռանկարային է: Թուրքիայի հետ Հայաստանը դժվար թե նորմալ հարաբերություններ ունենա, անգամ եթե հաշվի չառնենք Հայոց ցեղասպանության հարցը: Հարցը, ինչպես մենք արդեն բազմիցս ընդգծել ենք, ներկայիս Թուրքիայի սահմանների ճանաչման մեջ է, հենց այն սահմանների, որոնց պատճառով էլ Հայաստանը կտրվեց ծովից: Ստացվեց ինչպես միշտ. ՄԱԿ-ում բարի նպատակներն ու հռչակագրերը հիմնվում են միայն ցանկության վրա` այդ հայտարարությունները կյանքի կոչելու խթանների բացարձակ բացակայության պայմաններում: Դժվար թե Հայաստանի անդամությունը եւս մեկ միջազգային կազմակերպությանը կարող է փոխել տարածաշրջանային հարաբերությունները: Մենք պարզապես ստիպված ենք լինելու ներդրումներ կատարել, որոնք հարվածում են գանձարանին եւ անգամ երկարաժամկետ հեռանկարում ոչինչ չեն տալիս: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է սկսած 1991թ., եւ ողջ այդ ընթացքում Միացյալ Ազգերը բանաձեւեր էին ընդունում` ուղղված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դեմ: Իսկ ինչ աղմկալի պատմություն դարձավ ՄԱԿ-ի շենքում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերի եւ լուսանկարների ցուցադրման արգելումը: Հավանաբար, պետք չէ այդպես միամտորեն վերաբերվել այն նախաձեռնություններին, որոնք ՄԱԿ-ի կանոնադրությամբ են թելադրված եւ չունեն ոչ մի քաղաքական ու տնտեսական հիմք: Ի դեպ, հարկ է նշել, որ 14 եվրոպական երկրներ նույնպես չունեն ելք դեպի ծով: Ամբողջ խնդիրը հարեւանների մեջ է, որոնց, ցավոք, չեն ընտրում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---