Կարծես թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարժվել է մեռյալ կետից

Վրաստանի «հնգօրյա պատերազմը» Հարավային Օսիայի հետ արագացրեց հռչակագրի ստորագրումը: Ռուսաստանը, չնայած Վրաստանի, թերեւս նաեւ Ադրբեջանի տենդագին ցանկությանը, ցույց տվեց, որ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին կրկին հետքրքրություն առաջացրեց երկար ժամանակ «սառեցված» թվացող հակամարտության հանդեպ: Փաստորեն մենք վկա դարձանք այն բանի հաստատման, ինչի մասին մի անգամ չէ, որ խոսվել էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա:
PanARMENIAN.Net - Ընդհանուր առմամբ ոչ մի նոր բան չի ասվել, չնայած բազմաթիվ մեկնաբանություններին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից: Չնայած իր կողմի համար շահավետ կերպով դեպքերը շրջելու պաշտոնական Բաքվի բազմաթիվ փորձերին, տարածքային ամբողջականության իրավունքի սկբունքն ավելի բարձր հայտարարելով, քան ազգերի ինքնորոշման իրավունքը, հռչակագրում նման բաժանում չկա: Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականության առաջնայնության, Հայաստանը` ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Այլ խոսքով, Ադրբեջանը մտադրված է վերադարձնել «օկուպացված» հողերը, մինչդեռ Հայաստանը Ղարաբաղի անկախությունն է ցանկանում:

Տվյալ դեպքում ավելորդ չի լինի Ադրբեջանի ԱԳՆ նույն այդ մամլո քարտուղար Հազար Իբրահիմին հիշեցնել, որ 1999թ. ընդունվել է Ստամբուլյան հրովարտակը, որում Հելսինկյան ամփոփիչ արձանագրության բոլոր 10 սկզբունքները հավասար արժեք ունեն, եւ, որ պակաս կարեւոր չէ, արձանագրության տակ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը: Հազար Իբրահիմը չի կարող չիմանալ այդ մասին եւ եթե դա այդպես է, ապա նա հանդես է գալիս իր նախագահի դեմ

Բայց մի կողմ դնենք նման մանրուքները: Հայաստանի, ինչպես եւ Ադրբեջանի համար փաստաթղթի ամենահիմնական դրույթներից մեկն այն է, որ անգամ բանակցային գործընթացում ԼՂՀ բացակայության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է բանակցությունների միջնորդը: Բանը նրանում չէ, թե այն լավն է կամ վատը, պարզապես այլ մշակված մեխանիզմ առայժմ չկա: Հենց ԵԱՀԿ ՄԽ-ին հաջողվեց թույլ չտալ, որպեսզի հակամարտությունը «տաք» փուլ անցնի:

Վրաստանի «հնգօրյա պատերազմը» Հարավային Օսիայի հետ արագացրեց հռչակագրի ստորագրումը: Ռուսաստանը, չնայած Վրաստանի, թերեւս նաեւ Ադրբեջանի տենդագին ցանկությանը, ցույց տվեց, որ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից: Ավելին, պատերազմի հրահրումը վտանգավոր է հենց նրա համար, ով այն սկսել է, եւ Իլհամ Ալիեւը դա շատ լավ հասկացավ: Բնական է, որ եթե նա պատերազմ սկսեր Լեռնային Ղարաբաղի դեմ, Ռուսաստանը չէր միջամտի, դրա կարիքը չէր լինի: ԼՂՀ պաշտպանության բանակը ինքն էլ շատ լավ գլուխ է հանում իր սահմանների հսկողության գործից, եւ Բաքվում այդ մասին քաջ հայտնի է: Վերջերս կայացած հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ սկսեցին թվարկել ռազմական տեխնիկայի քանակը, նավթի եւ գազի արտահանման ծավալները եւ այլ նման բաներ: Ի պատասխան հայկական պատվիրակության անդամները նկատեցին, որ Ադրբեջանին բարօրություն եւ բարգավաճում են ցանկանում, բայց չգիտես ինչու նավթով եւ գազով հարուստ երկրում բնակչության մեծամասնությունն ապրում է աղքատության եզրին, իսկ խեղճ փախստականները արդեն մոտ 20 տարի է, ինչ օթեւանում են վրանային ճամբարներում` ստեղծելով բազմաչարչար Ադրբեջանի կերպարը

Թերեւս վերադառնանք հռչակագրին: Կետ 5-ում ասված է. կողմերը կարեւոր են համարում կարգավորման ջանքերի ենթատեքստում վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման պայմանների ստեղծումը խթանելը: Դա, երեւի թե, ամենադժվարն է լինելու, քանի որ Ադրբեջանում իշխանությունների կողմից բացեիբաց հրահրվող հակահայկական տրամադրությունները կարելի է հաղթահարել միայն մեկ սերունդ անց, այն էլ այն պայմանով, որ դա կդադարեցվի այժմ: Ճիշտ է, այդ տրամադրություններն ունեն իրենց պատճառները. Ադրբեջանը բազմազգ պետություն է, եւ «ընդհանուր արտաքին թշնամու» կերպարը դեռեւս օգնում է իշխանություններին պահպանել երկրի ամբողջականությունը: Այնպես որ երբ Բաքվում խոսում են երկրի տարածքային ամբողջականության մասին, նրանք քաջ գիտակցում են, որ միայն Լեռնային Ղարաբաղը չի անկախանալու: Այդ անկախությունը պահանջելու են նաեւ տալիշները, լեզգինները, ուդինները: Նրանք բոլորն էլ տեղավորվել եւ ապրում են իրենց հողի վրա եւ Ադրբեջանի կազմի մեջ մտան Ստալինի եւ Նարիմանովի կամքով:

Համենայնդեպս, կարծես թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարժվել է մեռյալ կետից: Ճիշտ է, որոշ անհանգստություն է առաջացնում գործընթացին մասնակցելու Թուրքիայի եւ Իրանի ցանկությունը, քանի որ այդ երկու երկրներն էլ չափազանց հետաքրքրված են ինչպես Ադրբեջանով, այնպես էլ Հայաստանով, բայց ամենայն հավանականությամբ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանա նոր խաղացողներ ներգրավել: Ամեն դեպքում Հարավային Կովկասում շատ հետաքրքիր իրադրություն է ձեւավորվում, որից հետո տարածաշրջանը կարող է վերջնականապես փոխվել ինչպես սահմաններով, այնպես էլ երկրների թվով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---