Հայերը զարմանալիորեն պարզամիտ են` հուսալով, որ Վաշինգտոնը շուտով կճանաչի Ցեղասպանությունը

Այսօրվա Թուրքիան կարծես թե չի պատրաստվում կրկնել կոտորածը, սակայն կա Ադրբեջանը, որը դարձավ Օսմանյան կայսրության արժանի հետնորդը հայկական հարցում

Թուրքական մտավորականության մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել մեղայական նամակով, որտեղ ներողություն են խնդրում հայերից 1915թ. Հայոց ցեղասպանության համար: Փաստն ինքնին արդեն եզակի է, եթե հաշվի առնենք դեռեւս գոյություն ունեցող 301-րդ հոդվածը, որը քրեական պատիժ է նախատեսում մամուլում կամ հրապարակավ Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Այնուամենայնիվ, պրոֆեսորենր Բաշկան Օրանն ու Ահմետ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Չենգիզ Աքթարը իրենց անունից ներողություն են խնդրել «1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարված մեծ դժբախտության համար»:

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Today's Zaman-ը, նախաձեռնող խումբը մտադիր է կոչ անել թուրքական հանրությանը իրենց ստորագրությունները դնել այս կոչի տակ, որտեղ ասվում է. «Ես չեմ կարող համաձայնվել Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարված այս աղետի եւ նրա ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:

«Մենք ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ չենք խոսել 1915 թ. Մեծ աղետի մասին, որ պատուհասեց հայ ժողովրդին, նրա համար, որ շատ երկար ժամանակ, գրեթե 100 տարի, չենք խոսել այդ մասին բացահայտ»,-ասել է թուրք լրագրող Չենգիզ Աքթարը: Մինչդեռ, ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներն ու մի շարք պատմաբաններ արդեն հայտարարել են, որ այն մարդիկ, որոնք «հավանություն են տալիս 1915թ. Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության մասին Հայաստանի պնդումներին, պետք է ձերբակալվեն»:

Իսկ հայ մտավորականությունը դրան զուգընթաց դիմել է բաց նամակով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որտեղ նույնպես առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ այդ հարցը շփոթության է մատնել հայերի ու թուրքերի կոլեկտիվ գիտակցությունը եւ դարձել գործողությունների պատճառ, անկախ ամենօրյա քաղաքականության տարբեր պահանջներից:

«Մենք բոլորս պետք է ընդունենք այն փաստը, որ Օսմանյան Թուրքիան մեղավոր է հայերի հանդեպ գործած զանգվածային կոտորածի համար, իսկ ներկայիս թուրքական պետությունը ժանագել է պատասխանատվությունն այդ գործողությունների համար: Ժամանակակից թուրքական դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող քողարկել մեր պատմության այդ մռայլ էջը: Մեր երկու ժողովրդների պատմական հիշողությունը շատ խորն է ու անհանգիստ, եւ այստեղ չկան դյուրին լուծումներ: Թուրքական ղեկավարության ձեր սերունդը պետք է ընդունի անվիճելի ճշմարտությունն ու ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»,-գրում են հայ մտավորականության ներկայացուցիչները:

Նման տիպի կոչերն, անշուշտ, հարկավոր են եւ արվում են անկախ քաղաքական կամ շահարկման նկատառումներից, այլ հոգու կանչով: Սակայն տխուր փորձը պետք է վաղուց արդեն սթափեցներ հայ ազգի այն մասին, որը մինչ այժմ, չնայած Ցեղասպանությանն ու Ղարաբաղի պատերազմին, գտնում են, որ խնդրագրերով ու կոչերով կարելի է ինչ-որ բան լուծել: Նույն կերպ էին գործում նաեւ եվրոպացի դիվանագետները` 1915-1916թթ. կոտորածների վկաները: Նրանք գրում էին Բեռլին, Լոնդոն, Վաշինգտոն եւ Սաքտ Պետերբուրգ: Արդյունքը զրոյական է, նրանք ոչինչ չկարողացան փոխել, հայերից հրաշքով միայն մի քանի հարյուր հազար մարդ փրկվեց: Ճիշտ է, այսօրվա Թուրքիան կարծես թե չի պատրաստվում կրկնել կոտորածը, սակայն կա Ադրբեջանը, որը դարձավ Օսմանյան կայսրության արժանի հետնորդը հայկական հարցում: Համենայնդեպս, հակահայկական հոդվածների թիվը Բաքվի ԶԼՄ-ներում շատ ավելի են, քան թուրքական ԶԼՄ-ներում: Իսկ դա շատ բանի մասին է խոսում: Ավելին, գնալով Բաքվում ավելի հաճախ են ձայներ լսվում այն մասին, որ Թուրքիան կարող է «դավաճանել» իր եղբորն ու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն, ըստ ադրբեջանցի քաղաքական գործիչների, հակասում է պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակներին:

Ժամանակակից Թուրքիան իր կամքով երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դա ակնհայտ է: Թե ինչը կամ ով կարող է ստիպել նրան դա անել, բարդ է ասել: Եվրամիությունը, կարծես, արդեն ի վիճակի չէ դա անել, քանի որ Էրդողանի կառավարությունը, ըստ ամենայնի, արդեն չի էլ ձգտում անդամակցել ԵՄ-ին: Հույսը դնել իսլամական երկրների վրա, առնվազն, պարզամիտ կլինի եւ ուղղակի ոչ այնքան խելացի: Իսկ Ռուսաստանը...Ռուսաստանը եւս երբեք ճնշում չի գործադրի Թուրքիայի վրա այս բարդ հարցում, քանի որ Մոսկվայի համար այժմ կարեւորը Թուրքիային իր կողմը քաշելն է, հեռացնելու համար ԱՄՆ-ից:

Ոչ մի դեպքում չնսեմացնելով այն ամենն, ինչ անում է Հայ դատի գրասենյակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ այստեղ էլ հայերը զարմանալիորեն պարզամիտ են, հատկապես ամերիկյան նոր վարչակազմի հարցում: Եթե Բարաք Օբաման պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նա ստիպված գործ կունենա եթե ոչ Թուրքիայի, ապա հրեական եւ թուրքական լոբբիի հետ, որոնք անմիջապես հասկացնել կտան նախագահին, թե որքան հապճեպ էր նրա որոշումը: Այնպես որ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հայտարարությունն այն մասին, որ «այսօր միանգամայն իրատեսական է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հնարավորությունը», մի փոքր ժամանակավրեպ է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---