ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ելույթ է ունեցել Ժնեւում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի ընթացքում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, իր խոսքում Վ.Օսկանյանը հաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի նվիրվածությունը միջազգային սկզբունքներին եւ նորմերին` ներկայացնելով երկրի վերջին ձեռքբերումները այդ ասպարեզում` մասնավորապես մահապատժի վերացումը, օմբուդսմենի նշանակումը եւ օրենսդրական բարեփոխումները: Անդրադառնալով տարածաշրջանում առկա խնդիրներին` նախարարը ընդգծել է, որ դրանք հենց մարդու իրավունքների ոտնահարման արդյունք են եւ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման անքակտելի իրավունքը: Վ.Օսկանյանը հիշատակել է նաեւ վերջերս Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպայի սպանությունը որպես էթնիկ ատելության օրինակ: Ժնեւ կատարած իր մեկօրյա այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել Իռլանդիայի արտգործնախարար Բրայն Քոուենի հետ: Նախարարները քննարկել են Եվրամիության «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագիրը եւ ընգծել են ԵՄ-ում Իռլանդիայի նախագահության ընթացքում Հարավային Կովկասի երկրների ընդգրկման կարեւորությունը այդ ծրագրում: Վ.Օսկանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Շվեյցարիայի, Էստոնիայի, Լուքսեմբուրգի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Իտալիայի ԱԳ փոխնախարարի հետ: Հայ նախարարը այցելել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրեն Սերգեյ Օրջոնիկիձեին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---