ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա ներքաղաքական լարվածության հետագա սրումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, խաթարել պետության հեղինակությունն ու վարկը եւ կասեցնել երկրի զարգացումը: Այդ մասին ասվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կուսակցության այսօր տարածած հայտարարությունում: ՀՅԴ ղեկավարության կարծիքով, ներկայիս քաղաքական լարվածության հիմքում մի կողմից` ընկած է ընդդիմության անհանդուրժողական կեցվածքը, գործող իշխանության լեգիտիմության բացասման ճանապարհով քաղաքական անհնազանդության տանող գործելակերպը, մյուս կողմից` երկրի զարգացման համար կարեւոր հիմնախնդիրների լուծման մեջ ընդդիմության լիարժեք դերակատարություն չապահովելը: Հնարավոր առճակատումը բացառելու լավագույն տարբերակ կհանդիսանա, գտնում է ՀՅԴ-ն, համաձայնության հասնելը, որի հիմք պետք է դառնա ժողովրդի կենսական հիմնախնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամությունը: ՀՅԴ-ն առաջարկում է այդ համաձայնությանը հասնելու իր մեխանիզմները: Դրա համար անհրաժեշտ է երկխոսություն` հրաժարվելով այնպիսի պահանջների առաջադրումից, որոնք ի սկզբանե անընդունելի են մյուս կողմի համար: Բացի այդ, պետք է ձեռնպահ մնալ հասարակությունը յուրայինների եւ թշնամիների բաժանելուց եւ չդիմել գործողությունների, որոնք բախումների ռիսկ են պարունակում: Համաձայնության արդյունավետության կարեւոր երաշխավոր կարող է հանդիսանալ ընդդիմության մասնակցությունը Անվտանգության խորհրդում, հակակոռուպցիոն պայքարին, սահմանադրական եւ ընտրական փոփոխությունները կոնսենսուսով ընդունելու հնարավորությունների սահմանումը: Երկխոսության եւ համաձայնության կայացման երաշխավորն ու պատասխանատուն պետք է լինի քաղաքական կոալիցիան, գտնում է ՀՅԴ-ն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---