ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ Է ԵՂԵԼ ՈՒԺ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Չարտոնված հանրահավաքը, որը կազմակերպել էին «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարները, սադրիչ կոչերի եւ հրահրիչ հայտարարությունների արդյունքում տեղական ժամանակով 19:00-ի սահմաններում վերածվեց անօրինական երթի` խոչընդոտելով Բաղրամյանի պողոտայի երթեւեկությանը, կառավարական ու դիվանագիտական որոշ հաստատությունների բնականոն աշխատանքը, խախտելով հասարակական կարգն ու գիշերային ժամին աղմկոտ հանրահավաքով ու բարձրագոչ երժշտությամբ խանգարելով քաղաքացիների անդորրը: Այդ մասին նշվում է Հայաստանի Ոստիկանության հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է փաստաթղթում, չնայած ոստիկանության աշխատակիցների բազմակի նախազգուշացումներին, որ ցուցարարների գործողությունները հակաիրավական են եւ շարունակվելու դեպքում կարժանանան համարժեք արձագանքի, օրինախախտները տեւական ժամանակ շարունակեցին հակահասարակական գործողությունները: Ավելին, ասվում է փաստաթղթում, նախազգուշացումներին ի պատասխան` ցուցարարների շղթան շարժվեց ոստիկանների ուղղությամբ, նրանց կողմը նետելով բռնկուն նյութով շշեր, քարեր, այլ առարկաներ: Ցուցարարները բղավում էին ոստիկանության արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր էին արվում, հայտարարություններ հնչեցին ցուցարարների մեջ մարտական փորձ ունեցող ու զինված մարդկանց առկայության մասին: Ցուցարարների գործողություններն ավելի ու ավելի ագրեսիվ եւ անվերահսկելի էին դառնում`իրական վտանգ ստեղծելով թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիների կյանքի ու առողջության համար: Ստեղծված իրավիճակի վտանգավորությունից ու կատարվող իրավախախտումների բնույթից ելնելով, իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին ցուցարարների չենթարկվելու, իրավախախտումները կանխելու եւ խափանելու, ինչպես նաեւ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով` ոստիկանության ներկայացուցիչները, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված կարգով, հարկադրված էին ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, ասվում է հայտարարությունում: Հանրահավաքի ժամանակ նրա մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին եւ դիմադրություն են ցույց տվել: Ցուցարարների մոտ եղել են մահակներ, սուր, ծակող, կտրող գործիքներ, ձողեր: Բախման հետեւանքով ոստիկանության մի շարք աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, կան հոսպիտալացվածներ: Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել կարգազանցներ եւ անկարգությունների կազմակերպիչներից մի քանիսը, որոնց թվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, որը «խաղաղ ցույցին» մասնակցում էր հրազենով: Անկարգությունների մի շարք կազմակերպիչներ ու մասնակիցներ դիմել են փախուստի: Ոստիկանությունը հետաքննչական-որոնողական միջոցառումներ է ձեռնարկում նրանց հայտնաբերելու - պատասխանատվության ենթարկելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ: Կատարվում է քննություն` ձերբակալվածների ինքնությունը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով: Վիրավորներին եւ վնասվածք ստացածներին անմիջապես ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Երկրի գլխավոր դատախազն իրազեկվել է կատարվածի մասին: ՀՀ դատախազության հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ: Հայաստանի ոստիկանությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է, արվում է ամեն ինչ հրահրված անկարգությունների հետեւանքները վերացնելու, կազմակերպիչներին ու սադրիչներին հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու, ինչպես նաեւ հետագայում հակաիրավական եւ հակահասարակական գործողությունները բացառելու համար, նշվում է Ոստիկանության հայտարարությունում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---