ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՉՇԱՀԵՑ ՈՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը, ելնելով պետության եւ հասարակության շահերից, պարտավոր են գտնել երկխոսության հստակ մեխանիզմ, քանի որ երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատու են քաղաքական բոլոր ուժերը: Նման տեսակետ է հայտնել այսօր լրագրողներին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը` նշելով, որ երկխոսություն ծավալելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերն գոնե առաջիկա ժամանակահատվածում ձեռնպահ մնան որոշակի գործողությունների ծավալումից: Տ.Թորոսյանը գտնում է, որ ընդդիմությունը պետք է մասնակցի խորհրդարանի աշխատանքներին եւ առաջարկություններ ներկայացնի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի նախագծի մասով, ինչը հնարավորություն կտա օրենքի շրջանակներում գնահատականներ տալ կատարված իրողություններին: Բացի այդ, փոխխոսնակը նշել է, որ երկրում իշխող քաղաքական կոալիցիան (Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ Դաշնակցություն կուսակցությունները) ներկայացնող պատգամավորները պատրաստ են քննարկել երկրի նախագահին վստահության հանրաքվեի անցկացման հիմքերը: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ կողմերը չպետք է խոսեն վերջնագրերի տեսքով, ընդդիմության ներկայացուցիչները չպետք Է առաջադրեն այնպիսի պահանջներ, որոնք ի սկզբանե բացառում են խնդրի լուծման որեւէ այլ տարբերակ: Փոխխոսնակի կարծիքով, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական դաշտը լիարժեք կայացած չէ, ինչի մասին է վկայում այն, որ քաղաքական ուժերի միջեւ հարաբերությունները տեղափոխվեցին «իրավապահ հարթություն»: Վերջին իրադարձություններից չեն շահել ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը, նշել է նա` կոչ անելով չդարձնել իրավիճակը ողբերգական, հատկապես, որ ներկայումս այն հարթելու իրական հնարավորություններ կան: «Ներքաղաքական յուրաքանչյուր իրադարձության մեջ կա դրսից շահագրգիռ խմբերի ու մարդկանց ազդեցությունը, որոնց ձեռնտու է թույլ Հայաստանը»,- նկատել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը` ընդսմին ավելացնելով, որ անթույլատրելի է նման մեղադրանքներ ներկայացնել որեւէ երկրի կամ կազմակերպությանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---