ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի (ՆԳՆԽ) նիստը: ՆԳՆԽ գործող նախագահ, Բելառուսի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Նաումովը նախագահող կողմի լիազորությունները փոխանցել է Հայաստանի ներքին գործերի նախարար գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանին: Հ.Հարությունյանը հայտարարել է, որ հանդիպումը էական ներդրում կլինի եւ նոր խթան կհանդիսանա ԱՊՀ երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության համար: Հայկ Հարությունյանը նշել է նաեւ, որ հետագայում կխորացվի փոխշահավետ համագործակցությունը հանցավորության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման գործում: Նշենք, որ ՆԳՆԽ նիստի աշխատանքներին մասնակցում է Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ասկեր Ալեքպերովը: Նիստի բացմանը ներկա են եղել նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի դեսպանները, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գոռիկ Հակոբյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանդես գալով հավաքվածների առջեւ Հայաստանի վարչապետը համոզվածություն է հայտնել, որ նիստի աշխատանքների արդյունքները դրական ազդեցություն կունենան ԱՊՀ երկրների ՆԳ նախարարությունների միջեւ արդեն իսկ զարգացող համագործակցության վրա: «Այսօր, երբ ողջ աշխարհի առջեւ նոր մարտահրավերներ են ծառացել, կարեւոր է հանցավոր գործողությունների առավել վտանգավոր տեսակների դեմ պայքարի կազմակերպման միասնական ռազմավարության մշակումը: Ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությունը, ապօրինի միգրացիան եւ մարդկանց առեւտուրը` սրանք այն երեւույթներն են, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, եւ ի վիճակի են հակազդելու պետական կառույցներին` սպառնալով պետությունների ազգային անվտանգությանը: Կասեցնել ահաբեկչությունը հնարավոր է միայն Համագործակցության բոլոր երկրների համակարգված գործողությունների դեպքում: Այլ հանցագործությունների թվում արդիական է նաեւ պայքարը կաշառակերության դեմ: Ակնհայտ է, որ պայքարը տարբեր տեսակի հանցագործությունների դեմ մեկ պետության շրջանակներում դատապարտված է անհաջողության: Ահա թե ինչու համակարգված համակարգի եւ մեխանիզմների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել խոշոր հանցավոր կազմակերպություններ, մեզ հավար առավել քան կարեւոր է»,-հայտարարել է Ա.Մարգարյանը: Իր հերթին, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն հայտարարել է, որ ԱՊՀ անդամ երկրները Համագործակցության երկրների ղեկավարների Կազանում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատել են իենց պատրաստակամությունը համագործակցել, մասնավորապես, երեք ուղղություններով` տնտեսական ինտեգրացիա, անվտանգության հարցեր եւ հումանիտար համագործակցություն: Նշելով, որ 2005 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ տարածքում կատարված հանցագործությունների ընդհանուր թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12 տոկոսով, Վ.Ռուշայլոն հույս է հայտնել, որ ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները կաջակցեն ակտուալ պայմանագրերի եւ փաստաթղթերի ընդունմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---