Հայաստանի խորհրդարանը երկարեցրել է Իրաքում հայ խաղաղապահների տեղակայման ժամկետը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը 73 «կողմ» ձայնով ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրաքում հայ խաղաղապահների տեղակայման ժամկետը եւս մեկ տարով երկարեցնելու մասին առաջարկը: Նախագահի առաջարկին դեմ է քվեարկել 12 պատգամավոր` ՀՅԴ խմբավորումից, ձեռնպահ է մնացել մեկը: Ավելի վաղ, Հայաստանի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «անցյալ տարիների փորձը ապացուցել է Իրաք խաղաղապահներ ուղարկելու որոշման իրավացիությունը»: Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել էր նաեւ, որ հայ խաղաղապահների ներկայությունը Իրաքում «ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային գործընթացներին, ինչպես նաեւ անվտանգության երաշխիք է հանդիսանում»: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահների 46 հոգանոց առաջին հերթափոխը (10 սակրավոր, 30 վարորդ եւ 3 բժիշկ` թերապեւտ, սրտաբան, հոգեբույժ, ինչպես նաեւ գումարտակի հրամանատար, կապի սպա եւ հրամանատար լեհական զորքերի կենտրոնակայանում) Իրաք էր մեկնել 2005 թվականի հունվարին, որի ծառայության ժամկետն ավարտվեց ընթացիկ տարվա հունիսին: Հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը, կազմված 45 հոգուց, մեկնեց Իրաք հուլիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչները Իրաքում ծառայում են լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Հայ խաղաղապահ մարդասիրական ստորաբաժանման տեղակայման, թիկունքային, հաղորդակցությունների, տեխնիկական եւ բժշկական ապահովման ծախսերը կրում է ԱՄՆ կառավարությունը:



Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրաքյան արշավին մասնակցելու պատրաստակամություն հայտնելով, «Հայաստանը ի պատասխան, ակնկալում է իր անվտանգության ամրապնդում, սահմանների ապաշրջափակում, ինչպես նաեւ հավասարակշռված մոտեցում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հանդեպ այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման մեջ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---