Հայ-թուրքական հարաբերություններ. Հայաստանը դեռեւս հույսեր է տածում

PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանը լավ հնարավորություն ունի ճնշում գործադրելու համար Թուրքիայի հանդեպ, որը կախվածության մեջ է հայտնվել Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, սակայն մենք չենք օգտագործում դա»,-հայտարարել է Հայ դատի գրասենյակի ղեկավար եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: Ելույթ ունենալով Երեւանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված կոնֆերանսում, նա նշել է, որ նման հարաբերություններ որպես այդպիսին գոյություն չունեն, «որպես կանոն, կան դրանք հաստատելու անհաջող փորձեր»: «Փորձը ցույց է տալիս, որ մոտեցումը, որով առաջնորդվում էր Հայաստանը` զիջումներ եւ բանակցություններ, բացարձակապես արդյունավետ չէ: Թուրքիան վաղուց արդեն մերժել է մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավությունը, իսկ մենք դեռեւս հույսեր ենք տածում»,-գտնում է Կիրո Մանոյանը: Նա նաեւ ավելացրել է, որ այսօր «ոչ թուրքական, ոչ հայկական հասարակությունը պատրաստ չէ բազմամյա հակամարտության լուծմանը»: «Պարզ է, որ Թուրքիան ձգտում է անդամակցել ԵՄ-ին ոչ Հայաստանի պատճառով: Թուրքական կառավարությունը հոգ է տանում իր մահմեդական ժողովրդի մասին: Ինչպես հայտնի է, թուրք վարչապետի դուստրերը սովորում են ԱՄՆ-ում, իսկ նրա կինը չի կարող հասարակության մեջ երեւալ առանց չադրայի: Անդամակցությունը ԵՄ-ին հնարավորություն կտա Թուրքիային դառնալ առավել ժողովրդավարական, սակայն միեւնույն ժամանակ իր մահմեդական ավանդույթներից չհեռացած երկիր»,-նշել է նա:



Հիշենք Կիպրոսը: Թուրքիան պայմանագիր կնքեց Կիպրոսի ճանաչման վերաբերյալ, սակայն մեկ նպատակով` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումներ սկսելու համար: Բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո, Թուրքիան հայտարարեց, թե ստորագրված փաստաթուղթը չի նշանակում, թե ինքը փոխել է վերաբերմունքն այդ երկրի հանդեպ»,-հայտարարեց փորձագետը: «Նման խորամանկ կերպով կարող է խաբվել նաեւ Հայաստանը: Եվ մենք բոլորովին ապահովագրված չենք, որ անդամակցելով ԵՄ-ին, դառնալով, այսպես ասած, ժողովրդավարական երկիր, Թուրքիան մեզ պատերազմ չի հայտարարի: Սակայն ես համոզված եմ, որ Թուրքիան չի դառնա այսօրվա Եվրամիության անդամ»,-գտնում է ՀՅԴ ներկայացուցիչը:



Սուբյեկտիվ կարծիք հայտնեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության փորձագետ Հայկ Դեմոյանը: Մասնավորապես, նա նշեց, որ նման բախումնային իրավիճակներում կիրառվում է առնվազն երեք տարբերակ, կամ «երեք կատեգորիա»: «Առաջինը` ուժի կիրառում, երկրորդը` սպառնալիքների կիրառում, երրորդը` պատերազմի հայտարարում: Այս փուլում Թուրքիան կիրառում է ոսկե միջինը, նա սպառնում է, կիրառելով ուժային մեթոդը, այսինքն` շրջափակումը, եւ վերջապես, չի բացառվում, որ դրա արդյունքը կարող է լինել պատերազմի հայտարարումը»,-հայտարարել է նա: Դեմոյանը նշել է նաեւ, որ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի տարածքում մեր պետության պաշտպանության կայուն երաշխիք է հանդիսանում: Երկու փորձագետներն էլ համոզվածություն հայտնեցին, որ պատերազմի դեպքում ռուս զինծառայողները կմիջամտեն հակամարտությանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---