Հայաստանն ու Բուլղարիան ստորագրել են հայտագիր` երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ից Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Վեսելին Բլիզնակովի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Բուլղարիայում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցեր: Նախարարները պայմանավորվել են համատեղ աշխատանքներ վարել զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման, ռազմական բյուջեների մշակման եւ պաշտպանության պլանավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ ռազմական դոկտրինաների եւ ազգային անվտանգության հայեցակարգերի նախապատրաստման ոլորտներում: Երկու նախարարությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորություններ ստեղծել փորձի փոխանակման, ինչպես նաեւ Բուլղարիայի բարձրագույն ռազմական հաստատություններում կադրերի վերապատրաստման համար: Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտագիր` երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:



Սերժ Սարգսյանին ընդունել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Հայաստանի ՊՆ պատվիրակությունը այցելել է Բուլղարիայի Ժողովրդական Ժողով եւ հանդիպում ունեցել Ժողովրդական Ժողովի փոխնախագահ Պետր Բերոնի եւ Պաշտպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ: Նախատեսվում է նախարար Սարգսյանի այցելությունը է Վելիկո Տրնովո քաղաքում գտնվող Ազգային ռազմական համալսարան եւ Պլովդիվի մոտակայքում գտնվող Գրաֆ Իգնատիեւոյի ռազմական ավիաբազա: Նշենք, որ նույն օրերին Սոֆիայում ՀՀ ՊՆ եւ ԲՀ ՊՆ միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվել հանդիպումներ պաշտպանության պլանավորման եւ լոգիստիկայի հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի միջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---