Հայերը չեն կարող ազդել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակությունը զուտ ամերիկյան խնդիր է, ոչ հայերը, ոչ էլ ցանկացած այլ ազգ չի կարող ազդել այդ հարցի լուծման վրա: Այդ մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, սենատորների հիմնական հատվածը, որ քվեարկել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածության օգտին, իր դիրքը բացատրել է նրանով, որ Սպիտակ Տունն այլ թեկնածուի չի առաջարկի, եթե Հոգլանդը չհաստավի այդ պաշտոնում: «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի անդամները համոզված են, որ Սպտակ Տունը պետք է փոխի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, սակայն նրանք անհանգստացած էին, որ Հայաստանն առանց դեսպանի կմնա, եթե Հոգլանդի թեկնածությունը չհաստատվի»,- հայտարարել է նա:



Կիրո Մանոյանի խոսքերով, բացառված չէ, որ ԱՄՆ Սենատի առաջիկա արձակուրդների ընթացքում, Սպիտակ Տունը, օրակարգի եւ օրենքների համաձայն, կարող է հաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: «Ամեն դեպքում, դա երկրի նախագահի ներկայացուցիչն է, եւ նա պետք է հայտնի պետության ղեկավրի դիրքորոշումը, այլ ոչ թե սեփական կարծիքը»,- հայտարարել է նա: Հայ-ամերիկյան հարաբերությունները, ըստ Կիրո Մանոյանի, բավական բարձր մակարդակի վրա են: «Մեր միջեւ լուրջ խնդիրներ չկան»,- նշել է նա: Խոսելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից` Կիրո Մանոյանը նաեւ նշեց «2007 եւ 2008 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման թափանցիկության եւ արդարության կարեւորությունը»: «ԱՄՆ-ի կողմցի արդեն նախազգուշացում է հնչել այդ հարցով»,- հայտարարեց նա, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
---