Հայաստանն ամենայն լրջությամբ է վերաբերվում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Իր իսկ կողմից սանձարձակած պատերազմում խայտառակ պարտության կրած ազգի դիվանագետին այլ բան չի մնում անել, քան իր անզորությունը փոխարինել անիմաստ եւ շարունակական հոխորտանքով եւ շաղակրատելով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադմիր Կարապետյանը` մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկեր Տաիր Թաղիզադեի վերջին հայտարարությունը: «Փորձում եմ ընկալել թե ինչպիսի հոգեբանական բարդույթներով է տառապում իմ ադրբեջանցի գործընկերը, այդօրինակ` դիվանագետին ոչ վայել դատողություններ անելով նախարարների հանդիպման վերաբերյալ: Գիտեք, իսկապես զարմացնում է այս վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմի պաշտոնյաների այն բառային հեղեղը, որոնք չունեն բացարձակ ոչ մի տրամաբանություն, որ կարելի կլինի անվանել միտք»,- նշել է Կարապետյանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմն ամենայն լրջությամբ է մոտենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին եւ նույնը ակնկալում է հակառակ կողմից: «Հայկական կողմը մի քանի անգամ արդեն հայտնել է իր դրական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկների նկատմամբ եւ, ամեն ինչով հանդերձ, հույս ունենք շարունակել բանակցությունները»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատարը:



Վլադիմիր Կարապետյանը հիշեցրել է, որ վերջին տարիների բանակցային գործընթացը պարզորոշ ընդգծում է Ադրբեջանի մերժողական կեցվածքը: «1998-ին նրանք մերժեցին «ընդհանուր պետության» տարբերակը, 2000-ին նրանք հետ կանգնեցին Քի Վեստի առաջարկներից եւ այսօր արդեն նահանջում են ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փաթեթի մեջ ներառված պայմանավորվածություններից: Մեկ անգամ եւս կրկնում ենք, հայկական կողմի համար Մինսկի խումբն ընդունելի եւ այս պահին լավագույն ֆորմատն է»,- ընդգծել է նա: Նա նաեւ նկատել է, որ հարցի տեղափոխումը այլ ատյաններ ստեղծում է մի իրավիճակ, որը օրակարգային է դարձնում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը: «Բանակցությունները մեր համար ինքնանպատակ չեն. մենք բանակցությունների մեջ չենք, որպեսզի մասնակիցը լինենք ադրբեջանական խաղերին: Եթե Ադրբեջանը որեւէ փաստարկ չունի Մինսկի խմբում ներկայացնելու եւ փորձում է անորոշ շահաբաժիններ ձեռք բերել այլ ատյաններում, որտեղ անդամ-պետությունները չունեն այն խորքային տեղեկատվությունը, պատկերացումները, ես կասեի նաեւ, գիտելիքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ապա Ադրբեջանը վտանգավոր խաղ է խաղում: Եթե Ադրբեջանը մտել է այդ խաղի մեջ ակամայից` փորձելով օգուտներ քաղել մեկ ուրիշների օրակարգից, ապա կարծում եմ Ադրբեջանն պետք է լավ հաշվարկած լիներ նման քաղաքականության հետեւանքները»,- ավելացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:



Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ ադրբեջանական կողմը պետք է վերջապես հասկանա, որ որեւէ մեկին, որեւէ տարբերակի կամ բանաձեւի պարտադրումը չի կարող լուծում լինել. մինչեւ ինքներս չկարողանանք լուծումներ գտնենք, որքան էլ դրանք լինեն դժվար: «Իսկ եթե ադրբեջանական իշխանությունները փորձում են շահարկել Լեռնային Ղարաբաղի «քարտը» ներքին սպառման համար, ապա սա արդեն ուրիշ հարց է եւ պետք է դիտարկվի այլ հարթությունում եւ ոչ թե քաղաքական: Ամեն պարագայում ադրբեջանական կողմին չի հաջողվի ոչ մեկին մոլորության մեջ գցել: Չի հաջողվի ժխտել, որ ԽՍՀՄ տարածքում առաջին էթնիկ զտումները իրենք են իրականացրել, նրանք են, որ լայնածավալ պատերազմ սանձազերծեցին բնակչության մի հատվածի նկատմամբ, որին իրենք իրենց քաղաքացիներն էին համարում, նրանք են որ իրականացրել են եւ շարունակում են ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության հետքերը, ադրբեջանական կողմն է, որ ունի միանգամայն մերժողական դիրքորոշում որեւէ համագործակցության շուրջ ինչը կարող էր նպաստել փոխադարձ վստահության ձեւավորման սկզբնավորմանը եւ լարվածության թուլացմանը»,- ընդգծել է Կարապետյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---