Հայաստանի ղեկավարի Կիպրոս կատարելիք այցի հիմնական նպատակը միջպետական կապերի ամրապնդումն է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-25-ը Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսի հրավերով պետական այցով այդ երկրում կլինի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել հայ-կիպրական տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, կարծիքներ փոխանակել միմյանց հետաքրքրող քաղաքական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ փոխգործակցությունը խթանելու միջոցով նոր որակ ու բովանդակություն հաղորդել երկու ժողովուրդների ավանդական բարեկամությանը: Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Կիպրոսի իր գործընկերոջ` Տասոս Պապադոպուլոսի հետ: Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն նաեւ ընդլայնված կազմով հայ-կիպրական բանակցություններին, հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Կիպրոսում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Նիկոսիայի քաղաքապետի հետ: Հայաստանի նախագահը կայցելի Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպում կունենա Կիպրոսի հայ համայնքի թեմական եւ վարչական ժողովի անդամների հետ: Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Լառնակա, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպահության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը:
 Ուշագրավ
---