ԵԽԽՎ-ն առաջարկում է ԵՄ մոդել ստեղծել հարավկովկասյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Ներկայումս Հարավային Կովկասի երկների ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները մշուշոտ են: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, նշվում է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդունած «Կայունության պակտի ստեղծումը Հարավային Կովկասում» բանաձեւում: Նրա խոսքերով, փաստաթղթում առաջարկվում է Եվրամիության մոդել ստեղծել հարավկովկասյան տարածաշրջանում, ինչը կարող է դառնալ երկրների միջեւ հարաբերությունների ձեւավորման առանցքը: Թորոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ելույթ ունեցողներից շատերը նշել են տվյալ նախագծի իրագործման բարդությունը: Միեւնույն ժամանակ, Թորոսյանը նշել է, որ այդ մոդելի ստեղծումը չափազանց կարեւոր քայլ է, որը վկայում է այն մասին, որ եվրոպական կառույցները գնալով առավել հստակ են ձեւակերպում այն հիմնական սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն տարածաշրջանի երկրները եվրաինտեգրման ճանապարհին: Եթե երկրները չհամապատասխանեն այդ սկզբունքներին, ես ճիշտ եմ համարում, որ եվրոպական կառույցները համապատասխան քայլեր ձեռնարկեն այդ երկրների հանդեպ»,-նշել է խոսնակը:



Մեկնաբանելով լրագրողների հարցն այն մասին, թե նշված է արդյոք բանաձեւում երկրների պարտավորությունը ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ռազմատենչ հայտարարություններից, Թորոսյանը նշել է, որ այդ հարցն արդեն նշվել է ԵԽԽՎ բանաձեւերում: «Ես ճիշտ չեմ համարում նման պահանջների տեղափոխումը մեկ բանաձեւից մյուսը, առավել կարեւոր է եվրոպական կառույցների հետեւողականությունը երկրների կողմից նման փաստաթղթերում նշված սկզբունքների կատարման հարցում»,-նշել է Թորոսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ այդ բանաձեւը հավանություն է տալիս տարածաշրջանային համագործակցության եւ տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գաղափարին: Խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ Ադրբեջանը դեմ է եղել այդ գաղափարին, Վրաստանը հավանություն է տվել որոշ վերապահումներով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---