ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում անց է կացվում ազգային բանակի համար միջոցների հավաքման լայնամասշտաբ ակցիա` կուտակելով գումարները նախագահ Հեյդար Ալիեւի կարգադրությամբ ստեղծված Ռազմական ուժերի օգնության հիմնադրամի հաշիվներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Վերլուծաբանները նման հիմնադրամի ստեղծումը գնահատում են որպես վկայություն այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են ղարաբաղյան խնդիրը լուծել պատերազմական եղանակով: Այդպիսի իրադարձությունների զարգացումը կարող է ավելի բարենպաստ հող հանդիսանալ Ալիեւի համար` երկրում նախագահական ընտրությունների նախօրեին: Համենայն դեպս, այսօր հասարակական կարծիքը, որի ձեւավորման վրա աշխատում են փորձառու քաղտեխնոլոգները, հակված է ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծմանն աջակցելուն: Պատահական չէ, որ պետության ղեկավարի բոլոր ելույթներում կրկներգի նման հնչում է այն միտքը, թե բանակցային ներուժի ավարտից հետո հարցը ռազմական ճանապարհով լուծելուց բացի Ադրբեջանին ոչինչ չի մնում անել: Հատկանշական է, ընդգծում է հոդվածի հեղինակը, որ Ադրբեջանի խորհրդարանի կողմից քննարկվող հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում ռազմական ոլորտին հատկացված ծախսերը 12,3 տոկոսով գերազանցում են 2002 թվականի ծախսերը: Մեկնաբանելով տվյալ իրավիճակը, ռազմական փորձագետ Ազադ Իսա-զադեն նշել է. «Ստեղծելով նման հիմնադրամներ, պետությունը սեփական պարտավորությունները դնում է բնակչության ուսերին: Ես վստահ եմ, որ զինվորական կարիքները հոգալու համար հատկացված գումարները մեր պետությունում կարող են չբավականացնել միայն կաշառակերության եւ գողության պատճառով»: Ընդ որում, միայն նա չէ այդպես մտածում, նշվում է թերթում: Շատ փորձագետներ վստահ չեն, որ բնակչությունից հավաքված փողերը կծախսվեն ռազմական ուժերի կարիքները հոգալու վրա, այլ ոչ թե զինվորական պաշտոնյաների կենսմակարդակը բարձրացնելու: Երկրի իշխանությունները, երեւում է, հոգում են ոչ այնքան բանակի դրության մասին, որքան իրենց քաղաքական ապագայի, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---