ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Բրյուսելում գտնվող ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին 26+1 (ՆԱՏՕ-ի անդամ երկրներ + Հայաստան) ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամռո ծառայությունը:



ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ խորհրդի նիստին քննարկվեց Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատաման փաստաթուղթը:



Ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



Նախարար Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԳԳԾ-ն որպես Դաշինքի հետ համագործակցության առաջնորդող ձեւաչափ: Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին ներկայացրեց Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ:



Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերություները իր հարեւանի հետ, ինչը նաեւ բխում է ԱԳԳԾ-ում ամրագրված դրույթներից:



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում ներկայացրեց պաշտպանության բնագավառում բարեփոխումների ընթացքը, ռազմական անվտանգության ռազմավարական վերանյման ոլորտում ձեռնարկվելիք քայլերը, փոխգործունակ կարողությունների զարգացման ուղղված միջոցառումները: Նախարար Օհանյանը անդրադարձ կատարեց նաեւ պաշտպանական բնագավառի օրենսդրական փոփոխություններին:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանը նախատեսված ժամկետներում կատարել է ԱԳԳԾ-ով համաձայնեցված նպատակները եւ իրենց երկրների անունից պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացին:



Գնահատման արդյունքների հիման վրա կձեռնարկվեն քայլեր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում համապատասխան լրամշակում կատարելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---