Երեւանի եւ Բեռնի միջեւ ակտիվ քաղաքական երկխոսությունը կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը` Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ, պատգամավորներ Դոմինիկ դը Բումանի (Dominique de Buman) եւ Ուելի Լոյենբերգերի (Ueli Leuenberger) գլխավորությամբ: Այդ մասին anARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Շվեյցարիայի խորհրդարանականները երախտագիտություն հայտնեցին ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Նրանք բարձր գնահատեցին հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները` նշելով, որ դրանց հիմքում ընկած են Հայաստանի եւ Շվեյցարիայի ժողովուրդների միջեւ դարավոր պատմամշակութային կապերը:



Գեղամ Ղարիբջանյանն իր հերթին գոհունակություն արտահայտեց հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է դրանց հետագա զարգացման ու խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով ՀՀ ԱԳ փոխնախարարը կարեւորեց Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայման ուղղությամբ տարվող աշխատանքը եւ արդեն արձանագրված առաջընթացը:



Երկուստեք հույս հայտնվեց, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տնտեսական կապերի խորացմանը: Հյուրերի խնդրանքով փոխնախարար Ղարիբջանյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունների, արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---