Դեկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոֆիա: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում:



Այցի առաջին օրը կկայանա նախագահ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը եւ առանձնազրույցը Բուլղարիայի իր պաշտոնակցի` Գեորգի Պրվանովի հետ: Հանդիպմանը կհետեւեն հայ-բուլղարական բանակցություններն` ընդլայնված կազմով: Այնուհետեւ տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը կընդունեն այցի արդյունքների մասին համատեղ Հայտարարություն: Նախատեսվում է ստորագրել նաեւ 2009 թվականին Հայաստանում բուլղարական մշակույթի օրերի եւ 2010 թվականին Բուլղարիայում հայկական մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման մասին մտադրությունների արձանագրություն, պետական կառավարման ոլորտում համագործակցության 2009-2014 թթ. աշխատանքային ծրագիր, արխիվային գործի բնագավառում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ` երկու երկրների միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:



Երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացումը:



Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը աշխատանքային ճաշ կունենա Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի հետ, կհանդիպի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:



Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը ներկա կգտնվեն Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսի բացմանը:

Հայաստանի նախագահը կայցելի նաեւ Սոֆիայում մեր երկրի դեսպանություն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---