Հարավկովկասյան կոնֆեդերացիայի ստեղծումը Հայաստանին միայն օգուտ կբերի

PanARMENIAN.Net - ԵՄ հովանու ներքո Հարավային Կովկասի երկրների միավորումը մեկ կոնֆեդերացիայի մեջ այդ պետություններին թույլ կտա զարգացնել տնտեսությունը եւ մի քանի տարի անց դառնալ Եվրամիության ասոցիատիվ անդամներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԱՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:



«Նման կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը բարձրացվեց 2008թ. Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ: Նրա իմաստը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԼՂՀ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միավորումն է մեկ կոնֆեդերացիայի մեջ»,- նշել է Աշոտ Գրիգորյանը` հաղորդելով, որ այդ նախաձեռնությունն ինքն արդեն ներկայացրել է ԵՄ ղեկավարությանը, որը դրական է գնահատել այն: «Մենք արդեն հանդիպել ենք Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ եւ որոշել, որ այդ հարցը մանրամասն կքննարկվի սեպտեմբերին սպասվող եվրոպական տնտեսական ֆորումին»,- նկատել է Աշոտ Գրիգորյանը` ավելացնելով, որ այդ նախաձեռնությունը կարող է ամրապնդել Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Գրիգորյանի խոսքով, Հարավկովկասյան կոնֆեդերացիայի ստեղծումը ենթադրում է անցագրային ռեժիմի պարզեցում, ներդրումային ծրագրեր, սահմանների բացում:



«Ինձ թվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես դրական կվերաբերվեն այդ գաղափարին: Նրանք պետք է հասկանան, որ տարածաշրջանային համագործակցությունն իրենց երկրների զարգացման լավագույն ճանապարհն է»,- նշել է ԱՀՄՖ ղեկավարը: Աշոտ Գրիգորյանը չի բացառել, որ կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը կարող է կյանքի չկոչվել, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը դրանից ոչինչ չի կորցնի, այլ ընդհակառակը` կարող է իր օգուտը քաղել: «Եթե Ռուսաստանը համաձայնի այդ նախագծին, ապա այդ Հարավկովկասյան կոնֆեդերացիան կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ»,- ընդգծել է Աշոտ Գրիգորյանը:
 Ուշագրավ
---