«Արեւմուտք-2009» զորավարժություններին ներկա կլինի ՀՀ Պաշտպանության նախարարության օպերատիվ խումբը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ստեպան Սուխորենկոյին: Ողջունելով դեսպանին` Ս. Օհանյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-բելառուսական ռազմական եւ ռազմատեխնիկական հարաբերությունները շարունակում են զարգանալ, ինչի վկայությունն են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացված մի շարք միջոցառումները, փոխայցելությունները:



Ընդգծվեց նաեւ, որ երկու պետությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում: Այս համատեքստում կարեւորվեցին սեպտեմբերի 26-ից 29-ը Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Արեւմուտք 2009» օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնց կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները: Նշված վարժանքները ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների, Արագ արձագանքման հավաքական ուժերի, ՀԱՊԿ քարտուղարության, Միավորված շտաբի, Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների օպերատիվ խմբերի համատեղ զորավարժության երկրորդ փուլն են, որոնց ներկա կլինի նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության օպերատիվ խումբը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
 Ուշագրավ
---