ՀԱՅԿԱԿԱՆ 17 ԶԼՄ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Հայկական 17 հեռուստակայանների, թերթերի, լրատվական գործակալությունների եւ ռադիոկայանների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ որոշ քաղաքական ուժերի կողմից «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած որոշման շուրջ ստեղծված իրավիճակը սեփական խնդիրները լուծելու համար օգտագործելու փորձերի կապակցությամբ: Բողոքելով քաղաքական խաղերի մեջ զանգվածային լրատվության միջոցների ներգրավելու դեմ` հայտարարության հեղինակները դատապարտում են կուսակցությունների եւ առանձին անձանց գործողությունները, որոնք օգտագործում են խոսքի ազատության պաշտպանության նշանաբանը նախընտրական նպատակներով: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկրում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ հանրահավաքների ամբիոններից իրենց անհանգստությունն են հայտնում մարդիկ, ովքեր, լինելով իշխանության ղեկին, «մեղմ ասած, նշանակություն չէին տալիս խոսքի ազատությանն ու այլ ժողովրդավարական ձեռքբերումներին»: Փաստաթղթում նշվում է, որ նրանց անհանգստությունը լուրջ հիմքեր չունի: Գործընկերները համոզված են, որ չնայած մրցույթում կրած պարտությանը, «Ա1+» հեռուստաընկերությունը ուներ եւ հետագայում էլ իր արժանի տեղը կզբաղեցնի երկրի տեղեկատվական դաշտում: Իսկ ինչ վերաբերում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմանը, ապա հայտարարության հեղինակները գտնում են, որ հիմնախնդիրը իր լուծումը պետք է ստանա իրավական դաշտում: Հայտարարության տակ ստորագրել են` «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոե վրեմյա», «Ժամանակ», «Գոլոս Արմենիի», «Հայոց աշխարհ», «Ազգ» թերթերի, «Արմինֆո», «Դե-Ֆակտո», «Արմենպրես» լրատվական գործակալությունների,«Արմենիա»,«Պրոմեթեւս», «Շանթ», «Երեւան», «Ար» հեռուստակայնների, Հանրային Հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի ներկայացուցիչները: Ստորագրողների թվում չկան միայն «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Երկիր» թերթերի, «Նոյյան տապան» եւ «Մեդիամաքս» գործակալությունների ղեկավարների ստորագրությունները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---