Հայաստանն ու Չեխիան նշում են քաղաքական կապերի զարգացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-չեխական քաղաքական խորհրդակցություններ` արտաքին գերատեսչությունների վարչության պետերի մակարդակով: Կողմերը քննարկեցին քաղաքական երկխոսությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խրախուսմանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:



Գոհունակությամբ նշվեց երկկողմ քաղաքական շփումների ներկա մակարդակը եւ դրանք հետեւողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնեցին ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը, նպաստել երկու երկրների միջեւ գործարար կապերի զարգացմանը, շարունակել համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:



Չեխական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Մտքեր փոխանակվեցին ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, նշվեց մարդկային շփումների խրախուսման կարեւորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Չեխական կողմի խնդրանքով ներկայացվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:Կողմերը պայմանավորվեցին երկկողմ քաղաքական շփումներին հաղորդել պարբերական բնույթ: Չեխական կողմը հրավիրեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներին խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել Պրահայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---