ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-Ը ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը դիմել է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոյին բողոքով` Նյու Յորքում կայացած Հեյդար Ալիեւի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպման տեղեկատվության բովանդակության կապակցությամբ: Դիվանագետը պնդում է, որ տեղեկությունը խեղաթյուրված է ներկայացված: «Այդ տեղեկատվությունից հետեւում է, որ Արա Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ բանակցությունները կընթանան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու» ուղով եւ, որ «հնագույն ժամանակներից հայերով բնակեցված այդ տարածքը իրավաբանորեն երբեք Ադրբեջանին չի պատկանել»,- ասվում է դիմումում: Դեսպանը հայտնում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, պարզ չէ, հերքվում է այն փաստը, որ Աբրահամյանը իրականում այդպես է արտահայտվել, թե՞ ասվածի իրական լինելը: Եթե նկատի ունենանք, որ գործակալությունը միայն մեջբերում է կատարել Աբրահամյանի խոսքերը, ապա ակնհայտ է, որ բողոքն ուղղված է ոչ իր հասցեով: Նշենք, որ Աբրահամյանը իր ասածից չի հրաժարվում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---