Հայ-ռուսական հարաբերությունները արդյունավետորեն են զարգանում

PanARMENIAN.Net -
Փետրվարի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին:



Նախագահ Սարգսյանը 2009 թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից եւ ասել է. «Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: 2010 թվականը եւս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու հանդիպում է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հունվարին Հայաստանում էր ՌԴ արտաքին գործերի նախարարը: Մենք տրամադրված ենք լավատեսորեն եւ գտնում ենք, որ պետք է ամենօրյա հետեւողական աշխատանքով ամրապնդենք մեր հարաբերությունները»:



ՌԴ առաջին փոխվարչապետը եւս նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի երկկողմ կապերը դրական են զարգանում: «Վերջերս Դուք բավականին հաջող այց ունեցաք Ռուսաստանի Դաշնություն»,-ասել է Իգոր Շուվալովը եւ նշել, որ իր հայաստանյան այցի նպատակը 2010-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ առաջիկա անելիքների քննարկումն է: «Մենք արդեն հաստատել ենք մեր նախագահության հայեցակարգն, ունենք շատ հագեցած օրակարգ, եւ ես երկրի ղեկավարությունից հանձնարարական եմ ստացել օրակարգային առաջնահերթությունները քննարկել Հայաստանի ղեկավարության հետ եւ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իմ գործընկերների հետ»,-ընդգծել է նա:



Նախագահ Սարգսյանը գոհունակություն հայտնելով նախորդ տարում երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակից` համոզմունք է հայտնել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը զուգընթաց, հետեւողական աշխատանքն ու ջանքերը լրացուցիչ հնարավորություններ կբացեն 2010 թ. երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, հաղորդում են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---