Ներկայում գերտերությունների սպասումները կապված են ո'չ թե Հայաստանի, այլ Թուրքիայի հետ

Ներկայում գերտերությունների սպասումները կապված են ո'չ թե Հայաստանի, այլ Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք գտնվում: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերի համաձայն, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվում է լճացում, եւ դրա մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան, քանի որ բոլոր խնդիրները նա է առաջացնում:



Անդրադառնալով ՀՀ ՍԴ որոշմանը հետեւած Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հակազդեցությանը, Կիրակոսյանն ասել է, որ թատերական այդ «ներկայացումը» նորություն չէ Հայաստանի համար: «Թուրքիայի առաջին «ելույթը» տեղի ունեցավ Ցյուրիխում` Արձանագրությունները ստորագրելիս, երբ թուրքական կողմը ձգձգեց փաստաթղթի ստորագրումը», - ասել է Կիրակոսյանն, ավելացնելով, որ դրանով Թուրքիան փորձում էր հասկանալ Հայաստանի թույլ եւ ուժեղ կողմերը:



«Թուրքիայի հակազդեցությունը ՀՀ ՍԴ որոշման առիթով, նույնպես Հայաստանի համար թեսթ էր», - նշել է քաղաքագետը: Նա զարմանք արտահայտեց, որ Թուրքիան որոշմանն անդրադարձել է դրա հրապարակումից վեց օր անց: Դրանից հետո Թուրքիան նորանոր պատճառներ է գտնում Արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար: Իրականում, ինչպես գտնում է քաղաքագետը, Թուրքիան ձգձգման մեղքն ուզում էր գցել Հայաստանի վրա, սակայն այդ քաղաքականությունը ձախողվեց:



Այս համատեքստում Կիրակոսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ վերջին ժամանակներում Անկարան փորձում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի օգնությամբ հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Այս քաղաքականությունը նույնպես ձախողվեց, քանի որ գերտերությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հարցը կապ չունի եւ չի կարող կապ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ», - հայտնել է Ռ. Կիրակոսյանը:



Նա նաեւ ասել է, որ ներկայում գերտերությունների սպասումները կապված են ո'չ թե Հայաստանի, այլ Թուրքիայի հետ:



Կիրակոսյանն ընդգծել է, որ Թուրքիան անազնիվ քաղաքականություն է վարում: Անկարան ուզում է արձանագրությունների վավերացումը սառեցնել մինչեւ ապրիլի 24-ը եւ դրանից հետո կրկին վերադառնալ փաստաթղթերի վավերացմանը: «Արձանագրությունների հարցը առնչվում է Թուրքիայի ներքին քաղաքականության հետ, եւ ո'չ Հայաստանը, ո'չ գերտերությունները չեն կարող որեւէ կերպ ազդել նրա որոշման վրա», - ասել է Կիրակոսյանը: Վերջում քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Անկարան դեռեւս չի կողմնորոշվել` արդյոք ուզո՞ւմ է արձանագրությունները վավերացնել թե ոչ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---