ՀՀ ԱԳ նախարար. «Պետք է սերտորեն համագործակցած աշխատել ԻՀԿ երկրների հետ»

ՀՀ ԱԳ նախարար. «Պետք է սերտորեն համագործակցած աշխատել ԻՀԿ երկրների հետ»

PanARMENIAN.Net -
«Իսլամական համաժողով կազմակերպության երկրները (ԻՀԿ) միաձայն որոշում են կայացնում, երբ խոսքը ոչ մահմեդական երկրի մասին է լինում», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԱԺ խորհրդարանական ժամի ընթացքում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, որը վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին:



Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն աշխատում է ԻՀԿ այն բոլոր երկրների հետ, որտեղ կան Հայաստանի դեսպանատներ եւ հյուպատոսություններ, սակայն նրա խոսքերի համաձայն, պետք է բոլոր ուժերը ներդնել ԻՀԿ երկրների հետ սերտ համագործակցելու համար, որպեսզի համաժողովի մասնակիցները հակահայկական որոշումներ չկայացնեն: «Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ ԻՀԿ երկրները համաժողովի նիստերի ժամանակ հայտարարում են մի բան, միջազգային ատյաններում ասում են մեկ այլ բան», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:



ԻՀԿ հիմնադրվել է 1969 թ. Ռաբաթում (Մարրոկո) տեղի ունեցած մահմեդական պետությունների եւ կառավարությունների ղեկավարների համաժողովում, որին մասնակցում էին 22 երկրների պատվիրակներ, ինչպես նաեւ Պաղեստինի ազատագրության կազմակերպության դիտորդները: ԻՀԿ-ն փաստացի իր գործունեությունն սկսել է 1971 թ., երբ վերջնականապես ձեւավորվել էր կազմակերպության աշխատանքային մարմինը` գլխավոր քարտուղարությունը:



ԻՀԿ անդամ կարող է լինել յուրաքանչյուր երկիր, որը հայտարարում է իսլամական երկրին իր պատկանելության մասին: ԻՀԿ-ին կից գոյություն ունի նաեւ դիտորդի կարգավիճակ: ԻՀԿ հիմնական նպատակը իսլամական համերաշխության ամրապնդումն է, իսլամական պետությունների միջեւ բազմակողմ կապերի հաստատումը, ռասայական բռնությունների եւ գաղութատիրության վերացումը, Պաղեստինի ժողովրդին աջակցություն ցուցաբերելը, իսլամական բոլոր ժողովուրդների անկախության եւ ազգային իրավունքների հաստատումը, ԻՀԿ եւ այլ պետությունների համագործակցության հաստատումը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---