Առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելն անհնար է

Առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելն անհնար է

PanARMENIAN.Net -
Հայաստանը միշտ հայտարարել է, որ առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելն անհնար է: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: «Այդ հարցի առնչությամբ Բաքվի հայտարարությունները ցույց են տալիս վերջինիս ապակառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Նա ավելացրեց նաեւ, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի դիրքորոշումը համապատասխան կերպով է ընկալվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:



Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Մադրիդյան սկզբունքների ներածության ճշտումը դեռեւս չի նշանակում, որ կողմերը բանակցություններում համաձայնության կամ որեւէ կետերի շուրջ պայմանավորվածության են հասել: «Ներածությունը բխում է Աթենքի հայտարարության սկզբունքներից, որն ընդունվեց 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում: Այդ հայտարարության մեջ առաջին անգամ ամրագրվեց ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:



Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:



Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:



Ինչպես ասվում է Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարության մեջ, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կողմերին կոչ են անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում են նրանց հանձնառությանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: «Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»,- ընդգծվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):



«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---