Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդ. Բարաք Օբաման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդ. Բարաք Օբաման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը սխալ է համարում այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` չարտասանելով «ցեղասպանություն» բառեզրը: Ինչպես ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ, անհրաժեշտ է ձերբազատվել միջազգային հանրության շրջանում արմատավորված այն թյուր ընկալումից, թե ԱՄՆ նախագահը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի արտասանել «ցեղասպանություն» բառեզրը:

«Ցեղասպանություն» բառեզրը համեմատաբար նոր տերմին է, սահմանման հեղինակը հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն է, որը շրջանառության մեջ դրեց այդ տերմինը 1944 թվականին: Մինչ այդ ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդը տալիս էր իր անվանումները` «Հոլոքոսթ» եւ Մեծ Եղեռն:

«Բարաք Օբաման օգտագործեց «Մեծ եղեռն» հայերեն տերմինը, որն առավել ժամանակակից «ցեղասպանություն» տերմինի հոմանիշն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդն իր հայտարարության մեջ ընդգծել է նաեւ, որ «Մեծ եղեռն» բառեզրը օգտագործվել է 2 անգամ եւ որակվել է որպես հայ ժողովրդի ոչնչացման փորձ: «Ակնհայտ է , որ «Մեծ եղեռն» բառեզրը ԱՄՆ նախագահն օգտագործել է այն նույն իմաստով, որով օգտագործում ենք մենք` հայերս:

Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը ապագայում հանցագործությունների կանխարգելման համար, մենք համարում ենք, որ ժամանակն է իրերն իրենց անունով կոչել եւ դատապարտել «Մեղ եղեռնը»` հստակ որակելով այն որպես ցեղասպանություն եւ բացառելով որեւէ երկիմաստություն: Այս առնչությամբ, մենք բոլորս բարձր ենք գնահատում ԱՄՆ կոգրեսի նախաձեռնությունը եւ կոչ ենք անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,-ասվում է փաստաթղթում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---