ՀՅԴ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան արդեն հաղթանակ է տարել

ՀՅԴ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան արդեն հաղթանակ է տարել PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ սկսվել է հայ-թուրքական միջկառավարական պատմական հանձնաժողովի ձեւավորումը, վկայում է այն մասին, որ Թուրքիան արդեն իսկ հաղթել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Հայաստանի կոալիցիոն քաղաքական ուժերից բացի, մյուս բոլոր կողմերը` Թուրքիան, ԱՄՆ-ն, Շվեդիան արդեն խոսում են 1915թ. ողբերգական իրդարձությունները, այսինքն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծման մասին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն անցել է Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների շրջանակ»,-ասել է Ռուստամյանը:



Հայաստանի եւ Թուրքիայի պատմական անցյալի ուսումնասիրման հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորման փուլում է: Այդ մասին Ռուսաստանի առաջին ալիքի «Պոզներ» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հիշեցրել է, որ 2009թ. աշնանը երկու երկրների միջեւ մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնցից մեկը ենթադրում է անցյալի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծում: «Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում կլինի, եթե երկու երկրները կենտրոնանան դրա վրա: Ես բազմիցս եմ ասել, որ մենք չենք կարող փոխել մեր անցյալը: Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել` հասնել ավելի լավ ապագայի»-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
---