«ԶԼՄ-երի մասին» օրինագծում փոփոխությունները կմեծացնեն հայկական լրատվության սոցիալական պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրինագծում փոփոխությունները, որոնք կարգավորելու են ԶԼՄ-երի պատասխանատվությունը` զրպարտանքի եւ վիրավորանքի համար, թելադրված է ՀՀ օրենսդրության բարեփոխումներով եւ եվրոպական կառույցներում Հայաստանի անդամությամբ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:



Նրա խոսքերի համաձայն, օրենսդրության փոփոխությունը չի սահմանափակում Հայաստանում խոսքի ազատությունը: «Այս գործընթացի հրամայականը անձի արժանապատվության իրավունքի եւ խոսքի ազատության միջեւ հավասարակշռությունն է, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ», - նշել է Սաղաթելյանն` ավելացնելով, որ եթե Հայաստանի խորհրդարանը հաստատի այս օրինագիծը, ապա այն պայմաններ կստեղծի ԶԼՄ-երի սոցիալական պատասխանատվության համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ եթե գործնականում ապացուցվի, որ օրինագիծը խոչընդոտում է խոսքի ազատությունը, ապա այն փոփոխության կենթարկվի: «Ես չեմ կարծում, որ այս օրինագիծը սարսափելի է, այն օրվա հրամայականն է, եւ պետք է մի քանի տարի առաջ ընդունվեր», - ասել է Արա Սաղաթելյանը:



Մարտի 18-ին Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ԶԼՄ-երին վերաբերող ՀՀ քաղաքացիական, քրեական եւ քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ:



Փոփոխությունները քաղաքացիներին հնարավորություն կտան դատարան դիմելու` պահանջելով հերքել ԶԼՄ-ում հրապարակված տեղեկատվությունը, որը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը եւ հեղինակությունը` եթե տեղեկատվությունը տարածողը չկարողանա ապացուցել իրականությանը դրա համապատասխանությունը: Օրինագծի համաձայն, մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պատիժը քրեական դաշտից փոխադրվում է քաղաքացիաիրավական դաշտ, այսինքն` այն մեղմացվում է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---