Արկադի Տեր-Թադևոսյանը դեմ է տարածքային զիջումներին Ղարաբաղի հարցում

Արկադի Տեր-Թադևոսյանը դեմ է տարածքային զիջումներին Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - "Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է հանձնել Ղարաբաղի տարածքներն առանց անվտանգության որևէ երաշխիքների",- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը Al Watan սիրիական թերթին տված հարցազրույցում` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ քաղաքական գործիչներն իրավունք ունեն նման հայտարարություններով հանդես գալ, սակայն դա բոլորովին չի արտացոլում գոյություն ունեցող իրականությունը: "Ամենայն հավանականությամբ, դա քաղաքական և դիվանագիտական հայտարարություն է, բայց ինձ թվում է, որ զիջումների մասին իրավունք ունի խոսելու մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, որովհետև նա է արյուն թափել այդ տարածքների ազատագրման համար",- ասաց գեներալ-մայորը` ավելացնելով, որ ինքը դեմ է ղարաբաղյան հակամարտության հարցում տարածքային զիջումներին:

Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս)

Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում և 1987թ-ից Հայաստանում:

1988թ. ակտիվ կերպով մասնակցել է աշխարհազորայինների ուսուցմանը, իսկ 1990թ-ից դարձել է “Սասունցի Դավիթ” կամավորական ջոկատի անդամ: 1991թ. նշանակվել է պաշտպանության կոմիտեի արտաբանակային պատրաստության բաժնի ղեկավար, որը Հայաստանի կառավարությանը կից առաջին պետական գերատեսչությունն էր:

1992թ. մշակել և իրագործել է Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան 1992թ. մայիսի 8-9-ը: 1992թ մայիսի 25-ին Տեր-Թադևոսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Պարգևատևվել է առաջին աստիճանի “Մարտական խաչով”: 2009թ. Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության “Արցախի հերոս” բարձրագույն պարգևը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

 Ուշագրավ
---