Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Չինաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Չինաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին: Ապրիլի 12-ին խմբի անդամները ԱԺ այգում ծաղիկներ դրեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշակոթողին:

Նույն օրը ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Արևիկ Պետրոսյանն ընդունեց Լի Մինգիուի գլխավորած չինական պատվիրակությանը: Ա.Պետրոսյանը նշեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Չինաստանի որդեգրած հավասարակշիռ քաղաքականության համար` հավելելով, որ Հայաստանն էլ շարունակում է պաշտպանել միասնական Չինաստանի սկզբունքը:

Պատվիրակությանն ընդունեց նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա հյուրերին տեղեկացրեց, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կենտրոն է բացվել, որտեղ հայ ուսանողները ուսումնասիրում են Չինաստանի լեզուն ու մշակույթը: Պարոն Ռուստամյանը կարևորեց երկու երկրների ուսանողների փոխայցերը եւ փորձի փոխանակումը:

Չինաստան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանն ընդունեց նաև Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Որպես համագործակցության ուղղություններ` նա նշեց էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության ոլորտները: Լի Մինգիուն համաձայնեց, որ ապրանքաշրջանառության ներկա մակարդակը` 111 մլն. դոլարի հասնող, չի արտացոլում իրական ներուժը: Նա ներկայացրեց Չինաստանի հետաքրքրությունը հայկական տնտեսության որոշ ճյուղերում: Հյուրերը ներկայացրին հակաճգնաժամային իրենց միջոցառումները եւ տնտեսական ցուցանիշները:

Հանդիպումների ժամանակ քննարկվել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի` հայաստանյան և չինական իրողություններին, “Շանհայ Էքսպո-2010” ցուցահանդեսին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լի Մինգիուն հավաստիացրեց, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ և իրականացնելու փոխշահավետ նոր ծրագրեր:

 Ուշագրավ
---