Սուրեն Մանուկյան. ԱՄՆ-ն դեռ 1975 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սուրեն Մանուկյան. ԱՄՆ-ն դեռ 1975 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին անգամ բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը 1965թ. և այդ օրվանից ի վեր այն որոշակի զարգացում է ապրել, սակայն այսօրվա իրավիճակն ամբողջովին տարբերվում է նախորդ փուլերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմաբան Սուրեն Մանուկյանը: Ըստ նրա, Հայաստանն այլևս չպետք է որևէ մեկին ապացուցի Հայոց ցեղասպանության փաստը: “Նույնիսկ այն երկրները, որոնք պաշտոնապես չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կասկածի տակ չեն դնում Ցեղասպանության փաստը, այլ անում են դա քաղաքական նկատառումներից ելնելով”,-ասել է Մանուկյանը` հավելելով, որ երկրին արդեն պետք է բարձրացնի Թուրքիայի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Այս համատեքստում նա որպես օրինակ բերել է հրեաների գործունեությունը Հոլոքոսթի ճանաչման և Գերմանիային պատասխանատվության կանչելու առումով: Ընդ որում, նա նշել է, որ երիտթուրքերին արդեն դատել է ռազմական դատարանը 1919թ. և մահապատժի դատապարտել նրանց պարագլուխներին` “Թուրքիային համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայ ժողովրդին ոչնչացնելու համար”:

Ընդ որում, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման հվանականությունն ԱՄՆ-ի կողմից, Մանուկյանը, հիմնվելով ԱՄՆ Կոնգրեսի որոշման վրա, որը 1975թ. բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, ասել է, որ դրանով իսկ ԱՄՆ-ն 1975թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը”:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
---