«Վիրահայերի միասնությունը» կոչ է անում հայ գործարարներին ներդրումներ կատարել Ջավախքում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը դեռևս չի սպառել իր դիվանագիտական բոլոր ռեսուրսները: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Նրա խոսքերի համաձայն, միջազգային հասարակությունը բարձր է գնահատում Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը:

«Նախապես հայտարարվել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների: Չնայած բոլոր հայտարարություններին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը չխանգարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ցեղասպանության հարցը եղել է և կմնա Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը», - ասել է պատգամավորը, ավելացնելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստն նախ`պետք է ընդունի Թուրքիան:

Սամցխե-Ջավախեթիի հիմնախնդիրների մասին խոսելով, Տաճատ Վարդանյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական, մշակութային, լեզվական և հայ ազգաբնակչության այլ հիմնախնդիրներ պետք է լուծվեն բացառապես Երևանի և Թբիլիսիի միջև երկխոսության միջոցով:

«Ջավախքը Հայաստանն ու Վրաստանը կապող կամուրջ պետք է լինի: Մենք համարում ենք, որ Վրաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը ջավախահայերի նկատմամբ: Հայաստանի և Վրաստանի միջև եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան հարգանքի և հավասարության հիման վրա»,- ասել է հասարակական կազմակերպության համանախագահը:

Նա ավելացրել է նաև, որ Ջավախքում հայերի վիճակի բարելավումը բարենպաստ ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա: Տաճատ Վարդապետյանը հատուկ կարևորել է Ջավախքում հայ բարեգործների ներդրումները, նշելով, որ դա կօգնի լուծել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հարցերը:

Ինչ վերաբերում է Ջավախքում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման մասին լուրերին, պատգամավորը հայտարարել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Բացի այդ, ես կարծում եմ, որ դրա մասին առաջին հերթին պետք է մտածեն Վրաստանի իշխանությունները, քանի որ դրանով վտանգ է սպառնում այդ երկրի ազգային անվտանգությանը», - ասել է Տաճատ Վարդապետյանը:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
---