Հայաստանն Անկարայից պաշտոնական հրավեր չի ստացել

Հայաստանն Անկարայից պաշտոնական հրավեր չի ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ից Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին մասնակցելու համար պաշտոնական հրավեր չի ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Պատարագը եկեղեցում պետք է մատուցվեր սեպտեմբերի 12-ին` Սուրբ Խաչի տոնին: Սակայն Թուրքիայում հենց ամսի 12-ին նշանակված հանրաքվեի պատճառով պատարագը տեղափոխվել է սեպտեմբերի 19-ին: Վերջին անգամ Աղթամարում պատարագ է մատուցվել 1915 թվականին:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
---