Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը![]() 8 սեպտեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 8-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է խմբի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանն ու Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում, ինչն ամուր հիմք է համագործակցության առկա հնարավորությունները լիարժեք իրացնելու համար: Նախագահն այդ առումով կարևորել է միջխորհրդարանական շփումների աշխուժացումը: «Կանադան մեզ համար կարևորվում է որպես հզոր տնտեսություն ու ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Նաև` որպես երկիր, որտեղ շատ բարյացակամ են վերաբերվել մեր հայրենակիցներին, որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց երկրորդ հայրենիքը, դրսևորվել` դրանով իսկ ծառայելով և' Կանադային, և' Հայաստանին»,- նշել է նախագահ Սարգսյանը: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը Կանադայի դաշնային և օրենսդիր իշխանությունների մակարդակով 2006թ. ճանաչելու որոշումը. «Մենք շնորհակալ ենք Կանադայի խորհրդարանին ու կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած դիրքորոշման համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Կանադան այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանը և կառավարությունն այս հարցի վերաբերյալ միակարծիք են»-ասել է Սերժ Սարգսյանը: «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը վերահաստատել է հայ-կանադական սերտ հարաբերությունների և ակտիվ համագործակցության մասին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն ու ընդգծել, որ, անշուշտ, այդ մեծ բարեկամության վկայությունն է նաև Կանադայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Հայերը, պարոն Ալբրեխթի հավաստմամբ, զգալի ներդրում ունեն Կանադայի տնտեսության, քաղաքականության, մշակույթի և այլ բնագավառների զարգացման գործում: Կանադացի խորհրդարանականը տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատգամավորական խումբն աշխատանք է իրականացնում ոչ միայն խորհրդարանում, այլև ամբողջ երկրում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը և ջանում է հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել են բոլոր ոլորտներում հայ-կանադական համագործակցությունն ավելի ակտիվացնելու, Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումները խրախուսելու անհրաժեշտությունը, որը, զրուցակիցների հավաստմամբ, կստեղծի նաև տնտեսվարման նոր մշակույթ: Կարևորվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում կանադական փորձի կիրառումը, նաև` կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |