Արթուր Բաղդասարյան. Հայաստանի ու Վրաստանի սահմանի վիճահարույց հատվածի հետ կապված հարցերը կստանան իրենց լուծումը

Արթուր Բաղդասարյան. Հայաստանի ու Վրաստանի սահմանի վիճահարույց հատվածի հետ կապված հարցերը կստանան իրենց լուծումը

PanARMENIAN.Net - Վրաստանից բացի Հայաստանը սահմանակից է նաև Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի հետ, և, ելնելով իրավիճակից, երկրին պահանջվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի դեպքում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով Հայաստան-Վրաստան և Վրաստան-Ադրբեջան հարաբերություններին: «Հաշվի առնելով այն, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի հետ, «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի շրջանակներում հիմնական ուշադրությունը կդարձվի հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, որ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի պահպանությունն իրականացնում են ՌԴ սահմանապահները, ինչը պետական սահամնի պահպանության բավական հետաքրքիր մոդել է: Ըստ նրա, ելնելով դրանից, փաստաթղթում հաշվի են առնվել նաև ռուս գործընկերների առաջարկները:

Արթուր Բաղդասարյանը նշել է նաև, որ փաստաթուղթը պետք է հաստատվի նախագահի կողմից մեկ ամսվա ընթացքում, որից հետո ՀՀ կառավարությունը համապատասխան ծրագիր կնախապատրաստի:

Մեկնաբանելով հայ-վրացական սահմանի վիճահարույց հատվածի մասին հարցը՝ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրով նման հարցերի լուծում չի նախատեսվում: «Ծրագրի նպատակն է առավել գլոբալ հարցերի լուծումը, որոնք կապված են սահմանների անվտանգության հետ»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ Հայաստանի ու Վրաստանի սահմանի վիճահարույց հատվածի հետ կապված հարցերը քննարկվում են և կստանան իրենց լուծումը:

 Ուշագրավ
---