ՍԻՄ հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ հայ-թուրքական հարաբերություններում վտանգավոր ռոմանտիզմից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ընթացքը` մասնավորապես եւ վարվող նախաձեռնողական քաղաքականությունը` ընդհանրապես բացահայտեցին Թուրքիայի կատարյալ անկարողությունը` իրականացնելու կառուցողական երկխոսություն, եւ դա պարզ է դարձել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ միջազգային հանրության համար: Այս մասին ասվում է ՍԻՄ նախագահության հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան ի ցույց հանեց քաղաքակիրթ բարեփոխումները իրագործելու իր կատարյալ անկարողությունը, ինչի վկայություններն են ինչպես մշտապես նախապայմանները առաջ քաշելու փորձերը, այնպես էլ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը քաղաքական էժանագին շոուի վերածելու ձգտումը եւ Անիի մայր տաճարում իրականացրած ցուցադրական եւ ցինիկ սրբապղծությունը, Ղարաբաղի հարցում ակնհայտ կողմնապահությունը»:

«Հայաստանի Հանրապետությունը հարկադրված եղավ այս տարվա ապրիլի 22-ին կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը` այնուամենայնիվ, Թուրքիային բաց դուռ թողնելով գործընթացը վերսկսելու: Եթե մինչեւ 2011թ.-ի ապրիլը Թուրքիան անվերապահորեն ու առանց նախապայմաններ առաջադրելու չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրիլի 22-ին` արձանագրությունները կասեցնելու տարելիցին, հետ կանչի իր ստորագրությունը` իր այդ նպատակի մասին տեղեկացնելով միջազգային հանրությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահությունը հորդորում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վտանգավոր ռոմանտիզմից, իսկ ազգային անվտանգությունն ապահովող օղակներին` միջոցներ ձեռնարկել օտարերկրյա դրամաշնորհներով սնվող այն կառույցների նկատմամբ, որոնք հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ արվող իրենց քայլերով թուլացնում են մեր հանրության զգոնությունը, առեւտրի, ոտնահարման առարկա են դարձնում մեր ազգային արժանապատվությունը եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---