Սևակ Սարուխանյան. WikiLeaks-ում հրապարակված նյութերը հաստատում են Իրանի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը և հակառակը

Սևակ Սարուխանյան. WikiLeaks-ում հրապարակված նյութերը հաստատում են Իրանի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը և հակառակը

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հրապարակած նյութերը հաստատում են Իրանի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը և հակառակը: Իրականում Իլհամ Ալիևը որակապես ոչ մի նոր բան չի ասել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Իրանի գծով փորձագետ Սևակ Սարուխանյանը` մեկնաբանելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:

«Զարմացնում է Ալիևի տեսակետն այն մասին, որ Մուսավին նախագահ չդարձավ այն պատճառով, որ Համենեին Իրանում իշխանության գլխին կանգնած 2 ադրբեջանցիներին անընդունելի համարեց: Մենք տարօրինակ կերպով բախվում ենք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի նախագահը բացարձակ ոչ մի իրավասու տեղեկատվություն չունի Իրանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների բուն էության մասին: Իրադրության մասին նման տեղեկացվածությամբ իրանա-ադրբեջանական հարաբերություններն առանձնապես հեռանկարներ չունեն, ինչը և ակնհայտ է: Նշեմ, որ Մահմուդ Ահմադինեժադը պետք է քննադատության արժանանար Բաքվի կողմից, քանի որ նա Իրանի առաջին նախագահն է, ով հրապարակավ ոչ մի անգամ չի արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմից, ինչը նրան որակապես տարբերում է ինչպես Հաշեմի-Ռաֆսանջանիից, այնպես էլ Հատամիից»,- ասել է Սևակ Սարուխանյանը:

Նրա կարծիքով, հաստատվեցին կասկածներն այն հաշվով, որ Ադրբեջանը չի գնա Իրանի հետ արտոնագրային ռեժիմի վերացման, թեև պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է նման քայլի դիմելու պատրաստակամության մասին: Սարուխանյանի խոսքով, ակնհայտ է, որ Բաքուն հստակ արձանագրում էր Ադրբեջանի իսլամացման ուղղությամբ իրանական քաղաքականությունը, և դրա դեմ պայքարի հիմնական գործիքն Ադրբեջանը համարում է Իրանի հետ արտոնագրային «պատը»:

«Ես գտնում եմ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման և պատերազմի` Ադրբեջանի համար անհաջող ընթացքի դեպքում Նախիջևանը կարող է սեպարատիզմի պասիվ կենտրոն դառնալ, որտեղ տեղական իշխանությունները Թեհրանի կամ Թուրքիայի օգնությամբ կփորձեն նվազեցնել պաշտոնական Բաքվի իշխանությունը, իսկ Ադրբեջանի իշխանափոխության դեպքում Նախիջևանը կարող է պարզապես անջատվել Ադրբեջանից»,- ընդգծել է փորձագետը:

WikiLeaks-ի նյութերի համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2010 թվականի փետրվարի 25-ին քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ թեև Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններն արտաքնապես նորմալ են թվում, իրականում դա այդպես չէ:

 Ուշագրավ
---