Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուի հետ: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Բուխարեստի միջև երկկողմ գործակցության հետ կապված հարցեր:

Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է, որ Բուխարեստի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներկայում աշխատանքներ են տարվում Երևան և Բուխարեստ քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ:

«Համագործակցության ցանկացած հրապարակ նպաստավոր միջավայր է ստեղծում փորձի փոխանակման, գործարար կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման առումով»,- նշել է քաղաքապետը` ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան:

Քաղաքապետ Սորին Օպրեսկուն պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան և տեղում քննարկել գործնական հետագա քայլերի իրականացման հետ կապված հարցերը: Կրինա Պրունարիուն իր աջակցությունն է առաջարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնելու հարցում:

Հյուրի խնդրանքով Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը:

 Ուշագրավ
---