Հունիսի 5-12-ը հինգ հայ լրագրողներ Թուրքիա կմեկնեն` տեղի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս կապակցությամբ հունիսի 5-12-ը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 5 հայ լրագրողների այց Ստամբուլ` լուսաբանելու Թուրքիայի նախընտրական գործընթացները: Ծրագիրն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի կողմից` Եվրասիա հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի հետ համատեղ և ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվելու Թուրքիայի քաղաքական կուսակցությունների, քաղաքագետների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ հիշյալ խումբը Ստամբուլում մասնակցելու է լրագրողների երկօրյա կլոր սեղանի:

Երևանի մամուլի ակումբը հայտարարում է հիշյալ ծրագրի մասնակիցների ընտրություն-մրցույթ:

ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը` խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով, հաղորդում է Երևանի մամուլի ակումբի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---