Միջազգային հանրությունն առանց քաշվելու միջամտում է Հայաստանի ներքին գործերին, գտնում է ՀԱԿ-ի առաջնորդը

Միջազգային հանրությունն առանց քաշվելու միջամտում է Հայաստանի ներքին գործերին, գտնում է ՀԱԿ-ի առաջնորդը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի ընթացքում շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ապրիլի 8-ին ՀԱԿ-ի կատարած հայտարարությանն այն մասին, որ միջազգային հանրությունը վերջին օրերին երեք հարված է հասցրել Հայաստանին. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցրեց Հայաստանի ֆինանսավորումը, ԱՄՆ Պետքարտուղարությունն իր «Մարդու իրավունքների» վերաբերյալ 2010 թվականի զեկույցում Հայաստանը ներկայացրեց որպես տոտալիտար պետություն, իսկ ԵԽԽՎ-ից Հայաստանի վերաբերյալ համազեկուցողները Մոնիթորինգային հանձնաժողովի քննարկումներից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում որպես երկրի ներքին քաղաքական ճգնաժամի պատճառ մատնանշեցին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը: Նրա խոսքով, թեև այդ հայտարարություններում ոչ մի նոր բան չկա, սակայն տարօրինակ է, որ դրանք միաժամանակ հայտնվեցին:

«Միջազգային հանրությունն ասաց այն, ինչ արդեն երեք տարի մենք ենք ասում»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ հայտարարություններն իր մոտ ոչ թե ուրախություն, այլ թախիծ են առաջ բերել: «Ինչո՞ւ պետք է Հայաստանի հետ նման տոնով խոսեն և առանց քաշվելու միջամտեն երկրի ներքին գործերին: Ինչո՞ւ պետք է երկրորդ կարգի պաշտոնյաները մեզ ժողովրդավարության դասեր տան: Հանուն ինչի՞ պետք է մեր երկիրը նման խայտառակության ենթարկվի»,- նշել է Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով, այս ամենի պատճառը մի խումբ մարդկանց ագահությունն ու իշխանամոլությունն է: Սակայն Հայաստանի առաջին նախագահն ընդգծել է, որ ժողովուրդը կասի իր խոսքը, և կգա հատուցման ժամը, «եթե իշխանությունները չմտքափոխվեն»:

11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
---