Լևոն Տեր-Պետրոսյանը Եվրախորհրդարանի նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

Զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ շուկայական տնտեսություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության և իշխանության միջև երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ ազգային կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետևանքով:

Առաջին նախագահը հանգամանալից ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական անհրաժեշտությունը և ընդգծել, որ երկիրը քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումն է:

Մանրամասնորեն քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---