Դավիթ Շահնազարյան. Դովիլը Դեյտոնի ուրվականն է

Դավիթ Շահնազարյան. Դովիլը Դեյտոնի ուրվականն է

PanARMENIAN.Net - Դովիլի հայտարարությունը «Դեյտոնի ուրվականն է»: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա նշել է, որ Դովիլի հայտարարությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև աննախադեպ գլոբալ համագործակցության հետևանք է: Նրա խոսքերով, սխալվում են այն քաղաքական գործիչները և երկրների առաջնորդները, որոնք փորձում են կառուցել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների վրա: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նման բան չի եղել, որպեսզի ՄԽ համանախագահ-երկրներն այդքան սերտ և համաձայնեցված համագործակցեն: Նա, մասնավորապես, նշել է, որ Դովիլի հայտարարությունը կոչ է Սերժ Սարգսյանին հակամարտության շուտափույթ լուծման մասին, որ բոլոր ժամակետները սպառված են, և մադրիդյան սկզբունքների փոխարեն կան Սոչիի պայմանավորվածությունների հստակ ցուցումներ:

Շահնազարյանը չի բացառել, որ շուտով համանախագահ-երկրների նախագահները կհամաձայնեցնեն հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի կազմը և մանդատը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: «Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

Դեյտոնի համաձայնագիր` հրադադարի մասին համաձայնագիր, որը վերջ է դրել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմին: Համաձայնեցվել է 1995-ի նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Դեյտոն բազայում:

 Ուշագրավ
---