ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՊԱՂ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՄՆԱՑՈՒԿ Է»

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ռուսաստանը առանձնահատուկ իրավունքներ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում: Մենք հստակ տեսնում ենք այն սահմանները, որոնք չպետք է անցնի Ռուսաստանը ցանկացած, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը, այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Ես շատ հաճախ լսում եմ, որ ցանկության դեպքում Ռուսաստանը անհապաղ կկարգավորի Ղարաբաղյան հակամարտությունը: Ես համամիտ չեմ նման պնդումներին եւ դրանք համարում եմ կայսերապաշտ մտածելակերպի մնացուկ»: Ռուսաստանի նախագահի խոսքերով, հակամարտության լուծումը պետք է գտնեն հակամարտող կողմերը, եւ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկացած որոշմանը: «Մենք սատարում ենք նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւը անմիջական երկխոսությանը եւ կարեւոր քայլ ենք համարում կանոնավոր հանդիպումների անցկացման փաստը»: Պուտինը նշել է նաեւ, որ կարգավորման գործընթացում կողմերը կարող են գնալ տարբեր փոխզիջումների, եւ նա չի ցանկանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ դա կատարվում է Ռուսաստանի ճնշման ներքո:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ հակամարտող կողմերը ինքնուրույն են փնտրում հակամարտության լուծումը` չդնելով այն միջնորդների ուսերին, ինչը, ըստ ամենայնի, ավելի հեծտ կլիներ: Միաժամանակ, ասել է Քոչարյանը, լուծումը գտնելուց հետո հակամարտող կողմերին անհրաժեշտ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների աջակցությունը: Սակայն, ասել է Քոչարյանը, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը համամիտ են այն կարծիքին, որ այս գործընթացում Ռուսաստանի դերը կլինի որոշիչ: «Ռուսաստանը պետք է հիմնական եւ վճռորոշ դեր խաղա», - ընդգծել է Հայաստանի նախագահը:-0-
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---