ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

PanARMENIAN.Net - 7 սեպտեմբերի 2000 թ., Նյու Յորք



Գլխավոր Քարտուղարի զեկույցը` քսանմեկերորդ դարում ՄԱԿ-ի դերի մասին, արժանի է բարձր գնահատականի: Հայաստանը համաձայն է մեր, իր տեսակի մեջ միակ, համընդգրկուն կազմակերպության հիմնահարցերի ու խնդիրների վերաբերյալ զեկույցում արտացոլված մոտեցումների ու հայացքների հետ:

Նոր հազարամյակի արշալույսին մեր հնարավորությունների եւ միաժամանակ խնդիրների մաշտաբները որակական նոր աստիճանի են հասել: Հայաստանը վստահ է, որ ՄԱԿ-ը, ելնելով իր առանձնահատուկ դերից, ունի ժամանակի մարտահրավերներին համարժեք պատասխանելու լավագույն ներուժը: Այն հսկայական փորձը, որ մշակվել է 55-ամյա գործունեության ընթացքում, բացառիկ է: Հենվելով դրա վրա` մենք պարտավոր ենք ավելի արագաշարժ լինել ՄԱԿ-ի գործիքներն ու հաստատությունները նոր իրողություններին ադապտացնելու գործում:

Ակնհայտ է, որ խաղաղության եւ կայունության ամրապնդումը ՄԱԿ-ի համար հիմնական առաջնահերթություն է մնում 21-րդ դարում: Աշխարհի ժամանակակից քարտեզը դեռեւս խիտ կերպով ներկված է լոկալ հակամարտություններով եւ, իբրեւ դրանց արդյունք` մարդկային տառապանքներով: ՄԱԿ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտությունների լուծման մեջ: Միաժամանակ, Հայաստանը վստահ է, որ հնարավոր հակամարտությունները կանխելու ՄԱԿ-ի ունեցած ներուժը իրականացվում է ոչ լիովին: Անհրաժեշտ է մշակել վաղօրոք կանխազգուշացման ունիվերսալ մեխանիզմներ: Անսպասելի պատերազմներ չեն լինում. նրանք բոլորն էլ ունենում են իրենց կենսագրությունը, իրենց տրամաբանությունը եւ կանխատեսելի են:

Արդի մեր աշխարհում «անվտանգություն» հասկացությունը դուրս է եկել սովորական շրջանակներից: Գլոբալիզացիան հասարակությունները դարձրել է աննախադեպ աստիճանի բաց: Կառավարությունների գործունեությունը, ինչպես` երբեք, կախում ունի փոխկապակցված, փոխհամաձայնեցված գործողություններից` ենթատարածաշրջանային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներով: Ինտեգրացիան դարձել է քաղաքականապես եւ տնտեսապես նպատակահարմար: Ակնհայտ է, որ գոյակցության նոր միջավայրը պահանջում է նոր մոտեցումներ նաեւ միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ: Միայն կոլեկտիվ ջանքերով է հնարավոր արդյունավետորեն իրականացնել գլոբալիզացիայի առավելությունները եւ պաշտպանվել նրա բացասական հետեւանքներից: Այլ խոսքով, քսանմեկերորդ դարի աշխարհն ունի կոլեկտիվ գործողությունների եւ պատասխանատվության վրա հիմնված իսկական կայունության հասնելու բոլոր նախադրյալները: Այսպիսիք են Հայաստանի հույսերը:

Պարոն Նախագահող,

Հայաստանը նոր հազարամյակ է մտնում` հաջորդ տարի տոնելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը: Մեր բազմադարյա պատմությունը եւ քրիստոնեական ավանդույթները, ինչպես նաեւ աշխարհագրական դիրքը նպաստել են քաղաքակրթությունների երկխոսության եւ համագոյակցության նշանակության խորքային գիտակցմանը:

Հայաստանն աշխարհի այն մասում է, որը վերջին տասը տարվա ընթացքում ենթարկվել է քաղաքական եւ սոցիալական բնույթի հսկայական փոփոխությունների: Ժառանգելով անցյալի չլուծված խնդիրները` Հայաստանը եւ Հարավային Կովկասն ամբողջությամբ զերծ չմնացին հակամարտություններից: Ներկայիս իրողությունները շարունակում են նշանակալի ճնշում գործադրել երկրի ներսում առկա նոր սոցիալական եւ քաղաքական հարաբերությունների անկայուն կառուցվածքի վրա:

Այսուհանդերձ, Հայաստանը շարունակում է կառուցել ժողովրդավարության սկզբունքների եւ օրենքի գերակայության վրա հիմնված բաց հասարակություն: Մենք մտադիր ենք ընդլայնել մեր համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, ակտիվորեն մասնակցել տարբեր տարածաշրջանային կազմակերպությունների` մասնավորապես ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի, գործունեությանը: Մենք մոտեցել ենք Եվրոպայի Խորհրդին անդամագրվելու ավարտական փուլին` հաստատելով բազմակողմ ներգրավվածության քաղաքականությունը, որպես համագործակցության միջոցով սեփական անվտանգությունն ամրապնդելու ամենաարդյունավետ գործիք: Մենք շարունակում ենք համարել, որ Հարավային Կովկասը կարիք ունի անվտանգության տարածաշրջանային համակարգի եւ պատրաստ ենք աշխատել դրա ձեւավորման ուղղությամբ:

Հայաստանը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ եւ ընդգծում նրանց ներդրումը հրադադարի ռեժիմի պահպանման գործում: Մենք նաեւ պատրաստ ենք փոխզիջում գտնելու նպատակով շարունակել Ադրբեջանի հետ ուղղակի շփումները, թեեւ կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կլինեին ավելի արդյունավետ (առավել եւս` որ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո կայացած եւ երկխոսության համար բաց պետություն է):

Այստեղ ես կուզենայի հատուկ նշել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօր առկա իրավիճակը հետեւանք է 1991-1992 թ.թ. հայ բնակչության էթնիկական զտման նպատակով Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդների վերջին առաջարկությունների մերժման:

Հակամարտությունների լուծման արդի պատմությունն արտացոլում է միջպետական եւ ներպետական հարաբերությունների փոփոխվող բնույթը: Այն համառորեն ի ցույց է դնում ինքնիշխանության մասին սովորական պատկերացումների շրջանակներից դուրս գալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը իրագործելի է միայն կողմերի իրավահավասարության հիման վրա:

Պարոն Նախագահող,

Ցավոք, հայ ժողովրդին վիճակվել է նոր հազարամյակ մտնել անցյալ դարի հիմնախնդիրների բեռով: Օսմանյան Կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության շարունակվող ժխտումը Թուրքիայի կողմից միայն ուժգնացնում է պատմական արդարության հասնելու մեր ձգտումը: Որոշ երկրներ եւ ժողովուրդներ կրել են նման հիմնախնդիրների ծանրությունը, սակայն հաղթահարել են դրանք` անելով ընդառաջ քայլեր եւ հենվելով համաշխարհային հանրության աջակցության վրա: Ապաշխարանքը ոչ թե նվաստացնում, այլ վեհացնում է անհատներին ու ժողովուրդներին: Համոզված եմ, որ կառուցողական երկխոսությունը Թուրքիայի հետ կօգնի մեզ համատեղ շարունակել ճանապարհը դեպի մեր ժողովրուրդների համագործակցություն եւ բարիդրացիություն:

Ավարտելով` կցանկանայի շնորհավորել բոլորիս Հազարամյակի գագաթաժողովի առթիվ, որը, դատելով ներկայացուցչության մակարդակից, ապացուցում է մեր նվիրվածությունը խաղաղությանն ու բարիդրացիությանը մեր ընդհանուր տանը:

Շնորհակալություն:-0-
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---