ԱՄՆ-Ն ԿՈԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն 170.000 դոլարի դրամաշնորհ է տրամադրել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄՄԿ) երեւանյան գրասենյակին` Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված երկու նախագծերի իրագործման համար: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանն են հայտարարել ՄՄԿ երեւանյան գրասենյակում, առաջին նախագիծը թույլ կտա արտասահմանում աշխատող հայ դիվանագետներին ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերել թրաֆիկինգի զոհ դարձած անձանց: Գրասենյակում հայտնել են նաեւ, որ նախորդ շաբաթ Հայաստանից Ուզբեկստան են վերադարձել թրաֆիկինգի զոհ դարձած երկու կին: Նրանցից մեկին մտադիր էին Հայաստանի տարածքով տեղափոխել Միացյալ Արաբական Էմիրություններ: Երկրորդը ժամանակին Մոսկվայով եւ Կահիրեով տեղափոխվել էր Իսրայել: Այնտեղ նրան հաջողվել էր փախչել եւ նա դիմել էր մոտակա դիվանագիտական ներկայացուցչություն, որը Հայաստանի դեսպանությունն էր: Հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել փաստաթղթեր եւ ավիատոմսեր տրամադրել նրան, ինչի շնորհիվ կինը, խուսափելով ստրկությունից, հայտնվել էր Երեւանում: Մյուս նախագիծը, որը ՄՄԿ երեւանյան գրասենյակը մտադիր է իրագործել դրամաշնորհի շրջանակներում, ուղղված է թրաֆիկինգի զոհերի հետ աշխատող հայկական ոչ կառավարական կազմակերպությունների աջակցմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---