ԿԱՄԵՆԵՑ ՊՈԴՈԼՍԿԸ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԿԴԱՌՆԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ

PanARMENIAN.Net - Օրերս Ուկրաինայի Կամենեց Պոդոլսկ քաղաքում Ուկրաինայի հայերի միության եւ Հայաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ անցկացվել են հայ մշակույթի օրեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Կամենեց Պոդոլսկի քաղաքապետը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Իրենց արվեստն են ներկայացրել Ուկրաինայում բնակվող հայ նկարիչները եւ Ուկրաինայի հայերի միության «Հայրենիք» պարախումբը: Կամենեց Պոդոլսկում տեղադրվել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որի օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Ի նշան երախտագիտության քաղաքի հիմնադրման գործում հայերի ունեցած ներդրման, Կամենեց Պոդոլսկի իշխանությունները որոշում են կայացրել ներկայումս ավերված նախկին հայկական եկեղեցու տարածքը հատկացնել տեղի հայ համայնքին` նոր եկեղեցի կառուցելու նպատակով: Կամենեց Պոդոլսկ կատարած այցի ընթացքում Ա.Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել քաղաքի ու մարզի վարչակազմերի ղեկավարների, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ համայնքների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցեր: Հաշվի առնելով Կամենեց Պոդոլսկում եկեղեցիների, հոգեւոր-մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների առատությունը` Հայաստանի դեսպանը եւ քաղաքի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Կամենեց Պոդոլսկը եւ Էջմիածինը (Հայաստան) քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---