Ի.Ալիեւի հայտարարությունները ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները տապալելու փորձ են

PanARMENIAN.Net - Դեկտեմբեր 27-ին Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցավ կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի ԳԱԱ 60-ամյակի կապակցությամբ հնչեցրած կոչի պատճառները եւ նպատակները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարը, մասնավորապես, կոչ է արել իր երկրի գիտնականներին «ակտիվ եւ ծրագրված կերպով հասցնել համաշխարհային հանրությանը այն, որ հայերը եկվոր են Ադրբեջանի անբաժանելի մաս կազմող Լեռնային Ղարաբաղում, հյուրեր են»: «Հայերը բացարձակ իրավունք չունեն պնդելու, թե Լեռնային Ղարաբաղը անցյալում իրենց է պատկանել: Մեզ անհրաժեշտ է հասցնել այս ճշմարտությունը համաշխարհային հանրությանը: Մենք պետք է թարգմանենք գրված գրքերը տարբեր լեզուներով եւ առավել ակտիվ նման աշխատանք տանենք ինտերնետի միջոցով»,-հայտարարել է Ալիեւը, խոստանալով ֆունդամենտալ գիտության ներկայացուցիչներին «ստեղծել դրա համար բոլոր պայմանները եւ լրացուցիչ միջոցներ հատկացնել»:



Հայաստանի ԳԱԱ-ում կայացած կլոր սեղանի մասնակիցները` մտավորականության ականավոր ներկայացուցիչները, պատահական չհամարեցին այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի այս ելույթը համընկավ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցին տարածաշրջան: Մասնավորապես, կարծիք է հայտնվել, թե Ի.Ալիեւը «միտումնավոր է փորձում տապալել բանակցային գործընթացը նման տիպի ծայրահեղ եւ անհեթեթ արտահայտությունների միջոցով»: Հայաստանի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները անթույլատրելի են համարել «քաղաքական պատվերը, որն արել է նախագահը ֆունդամենտալ գիտությանը»: «Մենք հրավիրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի հակագիտական եւ հակահայկական սադրիչ հայտարարություններին, որոնք չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը հակամարտության կողմերի միջեւ եւ կասկածի տակ են դնում ադրբեջանական կողմի մտադրությունների անկեղծությունը կարգավորման գործընթացում»,-ասվում է կլոր սեղանի մասնակիցների ուղերձում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:



Քննարկումների արդյունքում հայ գիտնականները ընդունել են Հայտարարություն, որտեղ խիստ դատապարտել են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: Փաստաթղթում նշվում է, որ «անելով նման քաղաքական պատվեր, հարեւան երկրի նախագահը փաստորեն, շարունակում է դեռեւս Խորհրդային շրջանում իր հոր սկսած գործը` «ապացուցում է» Արցախի պատմական տարածքում միայն 18 դարի կեսերին հայտնված քոչվոր թուրքերի վաղեմի ներկայությունը, եւ մատնանշում է իրենց պատմական բնօրրանում ապրող հայերի եկվորությունը»: «Տվյալ դեպքում, խոսքը գնում է գիտության բացահայտ կեղծման եւ ֆունդամենտալ գիտությանը իջեցված վճարովի քաղաքական պատվերի մասին»,-ընդգծվում է հայտարարության մեջ:



Ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ «հումանիտար գիտության եւ հասարակագիտության ոլորտում քաղաքական բռնաշղթաների առկայության պայմաններում, Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի եւ ողջ տարածաշրջանի պատմության զեղծարարությունը, հնդեվրոպական եւ կովկասյան ժողովրդների մշակութային ժառանգության «ադրբեջանականացման» ավանդական քաղաքականությունը»:



Մասնակիցները կոչ են արել Հայաստանի իշխանություններին, երկրի գիտական եւ կրթական հաստատությունների ղեկավարներին, համապատասխան մասնագետներին` «ջանքեր գործադրել հակազդելու համար ադրբեջանցիների կողմից հայկական պատմությունը կեղծելու պետական մակարդակով ձեռնարկվող շարունակական փորձերին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---